Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառմանը, որտեղ պատասխանել է դպրոցահասակ երեխաների` առողջապահության ոլորտին վերաբերող հարցերին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Դեռահասների բարձրաձայնած հարցերը ծխախոտի վնասակարության և գովազդների, մատչելի բուժօգնության, դեղորայքի ապօրինի ներմուծման, բժիշկների վարձատրության, պատվաստումների, առողջապահական ապահովագրության, քիմիական նյութեր պարունակող ուտելիքների ու ըմպելիքների և առհասարակ առողջ ապրելակերպի մասին էին:
Նախարարը մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես է առողջապահության համակարգը աշխատում, ներկայացրել է անվճար և համավճարային եղանակով ծառայությունների մատուցման սկզբունքները, անդրադարձել է դեղերի շրջանառությանը և այլն:
Երեխաներին հուզող հարցերից էր պատվաստանյութերի որակն ու արդյունավետությունը: Արսեն Թորոսյանը երաշխավորել է, որ պատվաստումներն անվտանգ են և միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Նա նաև պնդել է, որ պատվաստվելը յուրաքանչյուր անհատի որոշումն է, և ոչ ոք չի կարող ստիպել: Պարզապես այս հարցում պետք է առաջնորդվել գրագետ` ապացուցողական բժշկության տեսանկյունից:
Ինչ վերաբերում է քիմիական նյութեր պարունակող սննդի վնասակարությանը, ապա նախարարը նշել է, որ դրա հիմնական աղբյուրն աղի ու շաքարի չարաշահումն է: Նա հավելել է, որ այդ մթերքներն ամբողջին արգելելն անհնար է, սակայն դպրոցների տարածքներում վաճառքն անթույլատրելի դարձնելը լուծման հնարավոր տարբերակ է:
Հնչած հարցերից էր նաև նարգիլեի «քիչ վնասակարության» վարկածը, որին նախարարը վստահաբար պատասխանել է, որ տեսակետն անհիմն է, և նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է:
Երեխաները նաև հետաքրքրված էին նախարարի անձնական կյանքով` ինչու՞ է ընտրել այս մասնագիտությունը, ինչպիսի՞ն էին համալսարանական տարիները:
Նախարարը հանդիպման մասնակիցներին հորդորել է առողջ ապրելակերպ վարել, հետևել առողջությանը, չչարաշահել ճարպոտ, քաղցր ու աղի ուտելիքները, մարմնամարզությամբ զբաղվել և հեռու մնալ ծխախոտից: