Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Զորակոչն իրականացվելու է 2019թ–ի դեկտեմբերի 20-ից մինչև 2020թ–ի հունվարի 20-ը ներառյալ։ Զորակոչվելու են մինչև 74 բժիշկ–մասնագետներ։ «Մինչև» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ եթե չկարողանանք զորակոչել այդ քանակով, չստացվի, որ որոշումը չի կատարվել»,– ասաց Տոնոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչը կարող է պատճառ դառնալ անհրաժեշտ քանակով մասնագետներ չապահովելու։
«Նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների պակասը»,– պատասխանեց Տոնոյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ նման խնդիր է առաջացնում նաև զինվորական ծառայության մասին նոր օրենքը, որով ապագա բժիշկները 18 տարեկանում գնում են բանակ ու չեն կարող զորակոչվել որպես սպա։
«Փաստորեն, մասնագետները կան, բայց նրանք արդեն ժամկետային ծառայությունն անցել են ու հետևաբար երկրորդ անգամ չեն կարող զորակոչվել»,– ասաց Թորոսյանը։
Առողջապահության նախարարությունը դեմ է ՊՆ–ի առաջարկած զորակոչային բժշկական հանձնաժողովին
Առողջապահության նախարարը մեկ այլ խնդիր էլ բարձրացրեց։ Նա հայտնեց, որ նախատեսվող պահեստազորի զորակոչով զորակոչվելու են մարզային կլինիկաներում աշխատող մասնագետներ, որոնք իրենց հիվանդանոցներում միակն են։
Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբի զորահավաք
«Խոսքը անեսթեզիոլոգ– ռեանիմատոլոգների մասին է։ Եվ խնդրելու ենք, եթե հնարավոր լինի, նրանց թույլ տալ ծառայությունն անցնել իրենց աշխատավայրին մոտ զորամասերում` անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում աշխատանք կատարելու համար»,– ասաց նա։
Որոշումն ընդունվեց։ Շուրջ 7 տասնյակ բժիշկներ, փաստորեն Ամանորը կդիմավորեն բանակում։