ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հետհեղափոխական Հայաստանում ԶԼՄ-ների ազատ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտությունը կարծես դարձել է օրինաչափություն:
Դրա վառ վկայությունն է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության նկատմամբ այսօր տեղի ունեցածը, որը ոչ այլ ինչ է, քան մամուլի ազատությունը բոլոր հնարավոր մեթոդներով խաթարելու փորձ:
Եթե նախորդ դեպքերում (Yerevan.today, Aysor.am, news.am) ԶԼՄ գործունեության ոչ իրավաչափ միջամտություններն իրականացրել են իրավապահ մարմինները, ապա այս պարագայում առնվազն անհասկանալի են առերևույթ նեղ խմբային շահով պայմանավորված նմանօրինակ գործողությունները։
Քաղաքական շարժառիթներով պայմանավորված նեղ խմբային շահերով առաջնորդվելու բացառիկ դեպք էր նաև hayeli.am-ի դեմ իրականացված հարձակումը, մի տարբերությամբ, որ այն իրականացվել էր բացահայտ։
Ամրագրելով լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը` ՀՀ Սահմանադրությամբ պետությունը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը:
Որպեսզի լրատվության միջոցները ճիշտ ծառայեն իրենց նպատակին, դրանք պետք է լինեն անկախ, ազատ և չենթարկվեն գրաքննության կամ որևէ այլ միջոցով ճնշումների:
ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող «արշավը» հետևանք է այն անպատժելիության, որին ականատես ենք լինում գրեթե ամեն օր:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ցանկացած գործողություն և/կամ գործողության փորձ, որը կարող է միտված լինել մամուլի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության դեմ:
Իշխանություններին կոչ ենք անում օր առաջ բացահայտել տեղի ունեցածը, դադարեցնել մամուլի և ազատ խոսքի սահմանափակմանն ուղղված շեշտադրված արշավը, կանխել ատելության խոսքի քարոզը ու տարածումը:
Հայաստանի ժուռնալիստների միություն