Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստը սկսվեց հուզիչ մի տեսարանով. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակչուհուն` 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը:
Խարկով գյուղը Անի մայրաքաղաքից բաժանված է ընդամենը մեկ ձորով, այնտեղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը: Գյուղն ամբողջապես դատարկվել է, միակ բնակչուհին Վահանդուխտ տատն է, որը սկեսրոջ պատգամը սրբորեն պահպանելով` չի հեռացել գյուղից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալագիր էր ուղարկել Խարկովի միակ բնակչուհուն. «Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և անխոնջ և երկարամյա աշխատանքի համար»: Հուզվեցին թե ներկաները, թե Շիրակի մարզպետը, թե տատիկը:
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ մյուս տարվանից սպասվում է սահմանային ռեժիմի փոփոխություն: Նա այս փաստը հայտնելիս` հազիվ էր զսպում արցունքները, ձայնը հուզմունքից դողում էր: Վահանդուխտ տատիկը հույս հայտնեց, որ գյուղը կվերաբնակեցվի, նորից կշենանա` համապատասխանելով իր նոր անվանը` Նորշենին:
Ավելի մանրամասն՝ aravot.am