Դատավոր Սամվել Ուզունյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալու համար, մեկնել է երկրից։ Քիչ առաջ այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին», -ասաց նա։ Փաստորեն, իրավապահների հայտարարությունները իրարամերժ են։ Ավելի վաղ ոստիկանությունն էր հայտնել, որ Սամվել Ուզունյանի մոտ օդանավակայանում փամփուշտ էր հայտնաբերվել, և այս դեպքում հասկանալի չէ, թե ինչպես է նախկին դատավորին հաջողվել փախչել երկրից։
Forrights.am-ի տրամադրության տակ հայտնվել են Սամվել Ուզունյանին փաստացի պատկանող տան լուսանկարները, թեև այն, ինչ պատկերված է դրանցում ոչ թե տուն է, այլ, ավելի շուտ, կալվածք։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Կարբի համայնքում: Կարբիի տունը մի կախարդական դղյակ է հիշեցնում, սիրամարգերով, կարապի լճով ու թանկարժեք արձաններով ու այգիներով: Այստեղ կան դաշտեր, բացօթյա տաղավարներ հանգստի համար։ Կալվածքում բազմաթիվ լողավազաններ կան, բիլյարդանոց, նույնիսկ գազանանոց։
Հետաքրքիր է, սակայն Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը հերքեց տեղեկությունը, թե իր համայնքում նման տուն կա։ Այնուամենայնիվ, հստակ տեղեկություններ ունենք, որ առանձնատունը գտնվում է հենց այստեղ։
Դեռ մի քանի ամիս առաջ այն հանվել է վաճառքի 1 մլն դոլարով։
Գնորդ է հայտնվել, որը ցանկացել է 600 հազարով գնել առանձնատունը, սակայն Ուզունյանը չի համաձայնվել։
Դեռ երկու օր առաջ առանձնատունն այս վաճառվում էր 420 հազար դոլարով, սակայն այսօր, երբ հայտնի դարձավ, որ դատավորը մեկնել է երկրից, գինն ավելի է իջել, հասնելով մոտ 350 հազար դոլարի, ինչը պարզապես ծիծաղելի է այսպիսի շքեղության համար։
Դատելով այս լուսանկարներից դժվար է հավատալ, որ նախկին դատավորը սոսկ աշխատավարձով է ապրել: Ի դեպ, Սամվել Ուզունյանը առաջին դատավորներից էր, ով հայտարարեց, որ պատրաստ է ենթարկվել վեթթինգի:
Մայիսի 27-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր նիստից առաջ նա ասել է այնտեղ հավաքված լրագրողներին. «Դեռևս չեմ կրող ասել արդարացված է արդյոք «վեթթինգը», թե ոչ: Ես պատրաստ եմ ներկայացնել իմ ողջ ունեցվածքը»:
Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտարարել, որ դատական համակարգը վիրահատական միջամտությունների կարիք ունի, իսկ Սամվել Ուզունյանը դեռ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Հետաքրքիր է, թե արդյոք դատավորը պատրաստ էր հայտարարագրել Կարբիի իր «կալվածքը»:
Կարբիի առանձնատունը դատավորի և նրա մերձավորների ունեցվածքի պաշտոնական ցանկում բացակայում է։ Այս տարի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովում դատավորը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և 3 մլն դրամ գումար։
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը դատավոր է աշխատել 1994 թվականից: Նրա վարած ամենահայտնի դատաքննությունը Հոկտեմբեր 27-ի գործն է:
Ըստ դատախազության տվյալների, Սամվել Ուզունյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ եղած ժամանակահատվածում, 51 հազար դոլար կաշառք է ստացել, որը նա վերցրել է երկու տարբեր գործերով՝ 2007 և 2014 թվականներին քննված:
Սյուզան Սիմոնյան