Մադրիդի դպրոցականներին դասերի ժամանակ կարգելեն օգտվել շարժական հեռախոսներից: Դա ՌԻԱ Նովոստիին հաստատել են Մադրիդի ինքնավար հանրակցության կառավարությունում: Տարածաշրջանային իշխանությունները պատրաստվում են դասերի ժամանակ շարժական և այլ գաջեթների արգելման հրահանգն ընդունել հաջորդ ուսումնական տարվանից (2020-2021 թթ.):
Իսկ այն որոշումը, թե աշակերտները կկարողանան արդյոք դրանցից օգտվել դասամիջոցներին, մնում Է դպրոցների ղեկավարությանը: Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Իսպանիայի մինչև 10 տարեկան երեխաների 22 տոկոսն ունի շարժական հեռախոս, 11 տարեկանների՝ 38 տոկոսը, 12 տարեկանների՝ 64 տոկոսը, 13 տարեկանների՝ 84 տոկոսը, 14 տարեկանների՝ 92 տոկոսը՝ 15 տարեկանների՝ 94 տոկոսը: «Խոսքը վերաբերում Է մի միջոցառման, որն ուղղված Է աշակերտների ուսուցման արդյունքների բարելավմանը, հատկապես նրանց, որոնք ունեն ուսման հետ կապված առավել մեծ խնդիրներ»,-պարզաբանել են կրթության դեպարտամենտում, գրում Է Mundo թերթը: Պլանավորվում Է միջոցառումը կգործի դպրոցական ուսուցման բոլոր փուլերում, բացառությամբ զրոյից մինչև երեք տարեկանը: Բացառություններ կդառնան այն դեպքերը, երբ շարժական հեռախոսների օգտագործումը պայմանավորված Է ուսումնական անհրաժեշտությամբ, ինչպես նաև առողջական վիճակով:
Նոր նորմաների չկատարման համար պատիժը ուսումնական հաստատությունների ղեկավարությունը որոշելու Է ինքնուրույն: Մինչ այժմ ուսումնական կենտրոններն իրավունք ունեին ինքնուրույն սահմանափակել շարժական հեռախոսների օգտագործումը: Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի կողմից անցկացված հետազոտությունը վկայում Է, որ դասերի ժամանակ շարժական հեռախոսների օգտագործման սահմանափակումները միջին առաջադիմությունը բարձրացնում են 6,4 տոկոսով, իսկ ցածր գնահատականներ ունեցող սովորողների դեպքում՝ 14 տոկոսով: Մադրիդը կդառնա Իսպանիայի երրորդ տարածաշրջանը, որտեղ կկիրառվի այս միջոցը. դասերի ընթացքում հեռախոսներից օգտվելն արդեն արգելված Է Գալիսիայում և Կաստիլիա լա Մանչում: 2018 թվականից դպրոց շարժական հեռախոսներ և ցանկացած գաջեթներ բերելու արգելք Է գործում Ֆրանսիայում: