Լուսանկարվելու դիմաց գումար պահանջող Ձմեռ պապիկները կձերբակալվեն. Երեւանի փոխքաղաքապետը դիմել է ոստիկաններին
Advertisement 1000 x 90

Լուսանկարվելու դիմաց գումար պահանջող Ձմեռ պապիկները կձերբակալվեն. Երեւանի փոխքաղաքապետը դիմել է ոստիկաններին

Երեւանի հանրապետության հրապարակի հեքիաթային միջավայրը որեւէ Ձմեռ պապիկ, Ձյունանուշ կամ էլֆ խաթարելու իրավունք չունի: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից կաստինգ անցած եւ որպես Ձմեռ պապիկներ ընտրվածները, եթե հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջեն՝ կձերբակալվեն: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարել է  Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Նշենք, որ հարցը հնչեցրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը: Ըստ Ավանեսովի, քաղաքացիները տեղեկացրել են, որ հրապարակում լուսանկարի համար վճարվելիք գումարի դիմաց կտրոն են ուզել, որին ի պատասխան քաղաքացուն ուղորդել են դեպի Երեւանի քաղաքապետան: «Ասել են գնացեք, քաղաքապետարանից ուզեք, մեզ քաղաքապետարանն է էստեղ ուղորդել: Հիմա քաղաքապետարանը կապ ունի՞, թե՝ չէ»,-հարցրել էր Ավանեսովը:

Երեւանի փոխքաղաքապետն ասաց, նշված դեպքից 10 րոպե հետո ոստիկանությունն իրեն այդ մասին տեղեկացրել է: Որպես պատասխան ստացել են խիստ արձագանքելու հանձնարարական: «Որեւէ մեկը հրապարակում նկարվելու համար գումար ուզելու իրավունք չունի: Էն Ձմեռ պապն ու Ձյունանուշիկները, որոնք մեր մոտ կաստինգով անցել են, նրանք նույնպես գումար ուզելու իրավունք չունեն: Առեւտրի վարչությունն է վերահսկում դա: Ասել եմ ձերբակալեք, որովհետեւ դա ապօրինի ձեռնարկատիրություն է, իրավունք չունի նման բան անելու»:

«Ներողություն, այս դեպքում, ո՞րն է էդ մարդու հետաքրքրությունը, որ էնտեղ Ձմեռ պապի շորերով ժամանակ է անցկացնու՞մ»,- հարցրեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Փոխքաղաքապետն ասաց այդ անհասկանալի հարցի մասին ինքն էլ է 2 օր մտածել: Պատասխանի հստակեցման համար հենց Ձմեռ պապիկներից մեկի հետ է խոսել, եւ իմացել, թե ինչի համար են հրապարակում: «Ընտանիք էին, Ձմեռ պապիկը, Ձյունանուշն ու Էլֆը:  Ասացին, մենք գալիս են մի երկու ժամ աշխատում ենք, աչքի ենք ընկնում, հետո երեխաների ծնողները մեզ նաեւ տուն են հրավիրում: Կամ պայմանավորվում են, որ երեխայի հետ գան, նախապես ծնողի գնած նվերը Ձմեռ պապիկը նվիրի: Թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց իրենք իրավունք չունեն գումար ուզեն»,- բացատրեց փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

armtimes.com