Միլիարդատերերին պատկանող սուպերզբոսանավերը հավաքվել են Կարիբյան ծովում, ինչով բացահայտվում է, թե կոնկրետ որտեղ են դրանց տերերը նշելու Սուրբ Ծնունդը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Տոնի նախաշեմին խոշորագույն զբոսանավերից շատերը լքել են ԱՄՆ-ը, Իտալիան, Իսպանիան եւ Ֆրանսիան՝ հավաքվելով Անտիգուայի եւ Բարբադուի, Սեն-Բարտելեմիի եւ Սեն-Մարտենի ափերի մոտ:
Հատկապես մեծացել է նման զբոսանավերի թիվը Սեն-Մարտենում: Նոյեմբերին դրա ափերի մոտ հայտնվել է 16 սուպերզբոսանավ, սակայն Սուրբ Ծննդի նախաշեմին դրանց թիվը հասել է 52-ի:
Սեն-Մարտենի ափերի մոտ նկատված ամենախոշոր զբոսանավը, գործակալության հաղորդմամբ, Ռոման Աբրամովիչին պատկանող Eclipse զբոսանավն է, որի երկարությունը կազմում է 162,5 մետր: Դրան զիջում է Վիկտոր Ռաշնիկովի Ocean Victory զբոսանավը (140 մ): Երրորդ տեղում է DreamWorks-ի համահիմնադիր Դեւիդ Հեֆֆենի Rising Sun-ը (138 մ):