Մայրիկիս ամանորյա տոլմային սպասում եմ կարոտով. դատախազը՝ Ամանորը նշելու մասին. araratnews.am
Advertisement 1000 x 90

Մայրիկիս ամանորյա տոլմային սպասում եմ կարոտով. դատախազը՝ Ամանորը նշելու մասին. araratnews.am

Araratnews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ: Մեր զրուցակիցն է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Պարո՛ն Դավթյան, ինչպե՞ս եք նշելու այս տարի Ամանորը:

Ամենաջերմ ու ամենատաք միջավայրում՝ մեր հարկի տակ ընտանիքիս հետ, այնպես, ինչպես ավանդաբար նշել եմ մանկությունից: Չնայած այդ օրերին բնորոշ աժիոտաժին, Ամանորն ինձ համար նաև հանգստանալու հնարավորություն է. ընդ որում՝ բառի լայն իմաստով, այսինքն՝ ինչպես աշխատանքից, այնպես էլ մեր առօրյան աղետալիորեն լրացրած նեգատիվից: Որովհետև Ամանորը զարմանալիորեն մարդկանց բարիացնելու ու ինչ-որ իմաստով «մարդայնացնելու» հատկություն ունի: Ափսոս, որ դա միայն կարճատև, ժամանակավոր  «կախարդանք» է…

Նախորդից այն ինչո՞վ է տարբերվելու:

-Նյութական իմաստով՝ համարյա ոչնչով, և դա՝ նաև այն պատճառով, որ շատ տարբերվելու դեպքում գուցե այլևս Ամանոր չլինի: Իսկ հոգևոր իմաստով հույս ունեմ՝ նրանով, որ երբ սովորության համաձայն այդ օրերին նորից հետահայաց գնահատեմ անցած մեկ տարին, ինքս ինձ բռնեմ այն համոզման մեջ, որ պաշտոնից, հասարակական դիրքից ու նման ամեն անցողից կատեգորիաներից դուրս կամ դրանց քողածածկույթի տակ մնացել եմ հավատարիմ իմ մանկության, պատանեկության ու երիտասարդության ուղիներում ձևավորված տեսակին, որպեսզի մի օր դրան ուղիղ առերեսվելիս ամաչելու առիթ չունենամ: Իսկ գործնական իմաստով, հուսով եմ՝ տարբերվելու է նրանով, որ ներքին համոզմունք կունենամ մեր պետականաշինության պատին մի քանի քար ավելի դրած լինելու և մեր երեխաների համար մեր երազանքի Հայաստան ավելի մոտեցրած լինելու վերաբերյալ:

Հատուկ կերակրատեսակ, խմիչք կա՞ կամ ավանդույթ, որին հետեւո՞ւմ եք:

Ամանորի իմաստը ուտեստները, կերակրատեսակները չեն, այլ ընտանիքով, հարազատներով  իսկական սիրո և անկեղծության պայմաններում միմյանց ներկայությամբ ուրախանալն ու, այդ ներկայությունը միմյանցով լցնելը: Բայց չեմ կարող «թաքուն» չխոստովանել, որ մայրիկիս պատրաստած ամանորյա տոլմային միշտ սպասում եմ առանձնակի կարոտով:

Երբեւե եղե՞լ է, որ ձեր դուստրերի համար կամ ընդհանրապես Ձմեռ պապիկ լինեք:

Իմ դուստրերը սրտատրոփ սպասում են իսկական, միակ ու անկրկնելի Ձմեռ պապիկին: Եվ Լապլանդիայի հետ մեր իրավական փոխօգնության շրջանակներում արված հարցմամբ պարզել ենք, որ նրանց նամակները Ձմեռ պապիկը ստացել է: Ի դեպ, նա փոխանցել է, որպեսզի զգուշացնենք, որ թեև Ձմեռ պապիկը կարող է արտաքնապես մի քիչ հայրիկին նման լինել, բայց նա երբեք իր փոխարեն պաշտոնակատարներ չի նշանակում  և մանուկներին չի հիասթափեցնում:

Ամանորյա նվերները Դո՞ւք եք ընտրում, թե՞ վստահում եք ուրիշին:

Եթե անկեղծ լինեմ, նվերներ ընտրելու ժամանակ չի լինում: Բայց քանի որ նվերներ տալ ավելի շատ եմ սիրում քան ստանալ, այդ կարևոր, դժվար  և նուրբ մոտեցում պահանջող առաքելությունը վստահում եմ տիկնոջս: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, անգամ տիկնոջս համար նվերի ընտրությունն եմ հաճախ նրան վստահում: Վստահ եմ՝ հասկանում է ինձ:

Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ եւ տալ ձեր հարազատներին:

Նվերի արժեքը երբեք չեմ կարևորել: Ինձ համար կարևորն ու արժեքավորը նախ կրեատիվությունն ու ստեղծագործական միտքն է և երկրորդ՝ այն ջերմությունն ու անկեղծությունը, որով տրվում է նվերը: Ամենաթանկ նվերը, որ ստացել եմ, իմ դստրիկների ձեռքով պատրաստված բացիկն է:

Ինչքա՞ն գումար եք ծախսում Ամանորին:

Բավարար, տոնական օրերը նորմալ անցկացնելու համար:

Ձեր մանկության Նոր տարին եւ այսօրվանը շա՞տ է տարբերվում, այն ժամանակ էր տպավորիչ, թե հիմա, ի՞նչն է ավելի կամ պակաս:

Գուցե տարիքի հետ մարդու հայացքներն ու ակնկալիքներ են փոխվում՝ չգիտեմ: Բայց ամեն ժամանակ իր հետաքրքիր երանգն ունի: Իմ մանկության Ամանորը մանդարինի, խնձորի, կոնֆետների միախառնված բույրն ունի, որ ամեն անգամ հիշում եմ այս օրերի մոտենալուն զուգահեռ: Այն ժամանակ ավելի կենդանի էր, անմիջական, և մարդիկ ավելի բարեհամբույր  ու անկեղծ էին, ընդհանուր հասարակության մոտ կար իսկապես տոնի զգացողություն: Այսօրվա Ամանորը մի տեսակ ճնշված է հոգսի, որոշ դեպքերում ցուցադրականության ծանրության տակ, թեև հանուն արդարության պետք է ասեմ, որ վերջին շրջանում որոշակի պայմանականություններից, կարծրատիպերից հրաժարվելու և Նոր տարին յուրովի առանձնահատուկ դարձնելու միտում է նկատվում, որն իսկապես հաճելի է տեսնել:

Ո՞ւմ եք առաջինը զանգահարում, շնորհավորում Ամանորի գիշերը:

Ընկերներիս և առաջին հերթին՝ մանկությանս ընկերներին: Ես ուրախ ու հպարտ եմ, որ նրանք կան իմ կյանքում, և կարող եմ այդ օրը զանգահարել նրանց ու մի քիչ շատախոսել, կատակել:

Ո՞ւմ եք առաջինը այցելում՝ Նոր տարին շնորհավորելու:

-Մեր գերդաստանի ավագին՝ այս տարի արդեն 88-ամյա Ֆիլիպ պապին, հետո ամենամոտ արյունակից հարազատներիս: Եվ դա պարտավորություն չէ. Ամանորն ամենալավ առիթն է լրացնելու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նրանց հաճախակի չհանդիպելու և դրա համար ներողություն խնդրելու բացը:

2020 թ. սպիտակ առնետի տարի է: «Առնետից» ի՞նչ եք ակնկալում:

Մարդկանց պատկերացումներում առնետը վնասարարության հետ է ասոցացվում: Բայց այդ որակն առանց այն էլ մեր իրականությունում, մարդկային հարաբերություններում չափից դուրս շատ է: Իրականում առնետը նաև երկու կարևոր հատկանիշ ունի: Նախ՝ դիմացկունությունը. մաղթում եմ, որ իբրև պետություն և ժողովուրդ, մեր իղձերի իրականացման հարցում լինենք առավել նպատակասլաց, առավել անընկրկուն, իսկ սպիտակ առնետը, իր խորհրդին հավատարիմ, բերի բարգավաճում և հաջողություն: Երկրորդ՝ ճկունությունը և ճարպկությունը. դա հենց այն հատկանիշն է, որը մեզ ամենաշատն է անհրաժեշտ մեր բարդ տարածաշրջանում, աշխարհաքաղաքական իրողություններում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու, հզորանալու և հավերժության մեր ընթացքն ամրացնելու համար: Թող Նոր տարին մեր պետությանը իմաստուն ճկունություն, իսկ մեր հասարակությանը՝ փոխադարձ սեր, հանդուրժողականություն ու համերաշխության խոհեմություն պարգևի:

Սոնա Դավթյան

araratnews.am



Նման նյութեր