Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշան
Advertisement 1000 x 90

Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշան

Քաղցկեղային ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է բուժվում, եթե այն հայտնաբերում են վաղ փուլերում, եւ արգանդի վզիկի քաղցկեղը բացառություն չէ: Քանի որ քաղցկեղի այս տեսակը երկար ժամանակ առանց ախտանիշների է զարգանում, բավականին հաճախ այն հայտնաբերում են հաջողությամբ բուժելու համար չափազանց ուշ, հատկապես այն երկրներում, որտեղ սքրինինգային հետազոտություններ չեն անցկացնում:

Ներկայացնում ենք մի քանի ախտանշաններ, որոնք կարող են նշել արգանդի վզիկի քաղցկեղի, ինչպես նաեւ մի քանի այլ հիվանդությունների առկայության մասին: Ոչ մի դեպքում չի կարելի այս ախտանշաններն անտեսել:

«Ոչ նորմալ» արյունահոսություն

Դաշտանից դուրս ցանկացած արյունահոսություն ոչ նորմալ է համարվում՝ լինի դա արյունահոսություն սեքսի ժամանակ թե հետո կամ դաշտանադադարը սկսվելուց հետո: Եթե դաշտանից դուրս արյուն եք նկատել, անպայման բժշկի դիմեք, նույնիսկ եթե ձեզ այլեւս ոչ մի բան չի անհանգստացնում:

Ցավ սեքսի ժամանակ

Սեքսի ժամանակ ցավը կարող է լինել մի ամբողջ շարք հիվանդությունների ախտանշան, այդ թվում՝ արգանդի վզիկի քաղցկեղի: Առողջ կինը սեքսի ժամանակ ցավ չպետք է զգա, ուստի եթե ձեզ անհանգստացնում է ցավը կամ անհարմարավետությունը, անպայման բժշկի դիմեք:

Հեշտոցից արտառոց արտադրություն

Եթե հեշտոցից արտադրության գույնը, հոտը կամ կազմությունը փոխվել են, բժշկի հետ խորհրդակցելու առիթ է: Այսպիսի փոփոխությունների պատճառները կարող են տարբեր լինել՝ ինֆեկցիաներից մինչեւ ուռուցքային հիվանդություններ:

Քաշի հանկարծակի կորուստ

Եթե նիհարում եք, չնայած դրա համար ոչ մի քայլ չեք ձեռնարկում, սա նույնպես մասնագետին դիմելու պատճառ է: Բավական հաճախ ախորժակի կորուստը եւ չկանխամտածված նիհարելը դիտվում են քաղցկեղային հիվանդությունների ժամանակ:

Ցավ գոտկատեղում

Գոտկատեղում ցավը կարող է հայտնվել ամենատարբեր պատճառներով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից մինչեւ ուռուցքային հիվանդություններ: Եթե ցավը գրեթե մշտական է եւ շարունակվում է արդեն երկար ժամանակ, բժկի մոտ հետազոտվելու ճիշտ ժամանակն է:

med.news.am