Արարատի մարզպետարանը խուսափում է հրապարակայնությունից. Կասկածում է իր որոշումների իրավաչափությա՞նը
Advertisement 1000 x 90

Արարատի մարզպետարանը խուսափում է հրապարակայնությունից. Կասկածում է իր որոշումների իրավաչափությա՞նը

Մինչ ներկայիս իշխանությունները շարունակաբար խոսում են իրենց թափանցիկ գործելաոճի մասին՝ տարբեր պետական կառույցներ պաշտոնապես ի ցույց են դնում ճիշտ հակառակը՝ հատկապես, երբ խոսքը գնում է պետական միջոցների տնօրինման մասին։

2019 թվականի դեկտեմբերին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Արարատի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե 2019թ-ի ընթացքում մարզպետարանի քանի՞ աշխատակից է պարգևատրում ստացել, նրանցից յուրաքանչյուրին տրամադրված պարգևավճարը որքա՞ն է կազմել, քանի՞ աշխատակից է պարգևատրվել 3 և ավելի անգամ, արդյո՞ք աշխատակիցները պարգևատրվել են Ամանորի կապակցությամբ, և եթե այո, ապա նրանցից քանիսը և յուրաքանչյուրին որքա՞ն գումար է հատկացվել։ Հետաքրքրվել էինք նաև՝ արդյո՞ք մարզպետը, տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը պարգևատրվել են Ամանորյա տոների կապակցությամբ։

Այլ խոսքով՝ փորձել ենք հասկանալ, թե հարկատուներիս հաշվին ձեւավորվող բյուջեն ինչպես է օգտագործվում։ Ընդ որում՝ սույն հարցումն ուղարկվել է բոլոր մարզպետարաններին ու նախարարություններին։

Մարզպետարանից միայն հայտնել էին, որ Արարատի մարզպետի համապատասխան կարգադրություններով և գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, թե ինչ հաճախականությամբ, քանի աշխատակից՝ պարզ չէ՝ մարզպետարանը պարզապես լռել է։

Փորձել էինք պարզել նաև արդյո՞ք մարզպետարանը մտադիր է կազմակերպել Ամանորյա հավաքույթ, եթե այո՝ որքա՞ն գումար է նախատեսված ծախսել և ո՞ր ռեստորանում է նախատեսվում անցկացնել միջոցառումը։ Մարզպետարանն այս մասին նույնպես լռել է, փոխարենն առաջարկել է ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնական էջից ծանոթանալ 2019թ. համապատասխան կարգադրություններին և հաստիքացուցակին։

Վերոնշյալ հարցման պատասխանը փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի է հաշվետու չլինել հանրության առաջ։ Հանրահայտ ճշմարտություն է՝ կոռուպցիայի դեմ պայքարի թիվ մեկ նախապայմանը հրապարակայնությունն ու թափանցիկությունն է, իսկ կոնկրետ օրինակը վկայում է հակառակի մասին, որ մարզպետարանը խուսափում է հրապարակայնությունից, ինչն էլ թերեւս հիմք է տալիս մտածելու, որ առկա են վիճարկման ենթակա որոշումներ, որոնց իրավաչափության հետ կապված թերեւս մարզպետարանը եւս կասկածներ ունի ։

Հանուն արդարության հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր մարզպետարաններն են նման կասկածահարույց վարքագիծ դրսեւորում։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետարանը պարգևավճարների հետ կապված ինֆորմացիան անձնական տվյալ չէր համարել և ամբողջական տեղեկատվություն էր տրամադրել դրա վերաբերյալ։

«Փաստինֆո»-ն շարունակելու է հետամուտ լինել եւ կներկայացնենք, թե որքան գումար է ծախսվել պետական բյուջեից՝ խրախուսումների համար, թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դժգոհ է պետական ապարատի աշխատանքից։ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ»,- 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը։ Ստացվում է՝ կառավարությունը միլիարդավոր դրամներ ծախսել է «հեղափոխությանը դիմադրող պետական համակարգին» խրախուսելու համար։

Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո