«Եթե բալային համակարգը ներդնեին քաղաքականության մեջ, ապա Նիկոլ Փաշինյանն այս մի շաբաթվա մեջ 9 բալից 8-ը կորցրել է». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եթե բալային համակարգը ներդնեին քաղաքականության մեջ, ապա Նիկոլ Փաշինյանն այս մի շաբաթվա մեջ 9 բալից 8-ը կորցրել է». Արմեն Աշոտյան

«Իհարկե, Հայաստանը շահագրգիռ չէ տարածաշրջանային լարվածության մեջ, բայց ես կարծում եմ, որ մեր իշխանությունները շատ ավելի ադեկվատ պետք է գտնվեին: Ոչ ոք չէր ասում, որ պետք էր բռնել ինչ-որ կողմ. բացառվում է դա, բայց Հայաստանն ունի դիվանագիտական փորձ, երբ իր ռազմավարական դաշնակիցն ու հարևանը պատերազմի մեջ էին 2008թ., ռուս-վրացական պատերազմն եմ ակնարկում, և Հայաստանը կարողացավ ճիշտ քաղաքականություն վարել ու չնպաստել լարվածությանը, միաժամանակ պահպանել հարաբերությունները երկու կողմերի հետ հավասարաչափ»,- «5-րդ» ալիքի «Օրագիր» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով ամերիկաիրանյան լարվածությանն ու մեր իշխանությունների  արձագանքին, հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նախկին պատգամավորը նշում է, որ այսօրվա իրավիճակում, ցավոք, պետք է ասի, որ ոչ Արտգործնախարարության արձագանքն էր պատեհ, որովհետև Ադրբեջանի արտգործնախարարից մեկ օր անց խոսել Իրանի արտգործնախարարի հետ, արդեն լավ չէ: Բացի դրանից, ըստ Արմեն Աշոտյանի, ԱՄՆ նախագահի պահվածքն իրականում միջազգային իրավական դաշտի նորմերի, հարաբերությունների խախտման ակնհայտ դրսևորում էր:

«Մեր մտահոգությունն այստեղ շատ պարզ է. այսօրվա աշխարհում, փաստորեն, սկսում են չաշխատել միջազգային երաշխիքներն ու նորմաները: Մեր դեպքում սա ամենակարևոր հետևությունն է, որովհետև և տարածաշրջանային, և հատկապես՝ Արցախյան հակամարտության կարգավորման դեպքում, երբ որ մենք հույսը դնում ենք միջազգային աշխարհակարգի վրա, միջազգային հարաբերությունների նորմերի վրա, մեր քթի տակ, պարզվում է, որ այդպիսի նորմերն ընդհանրապես կարող են մնալ թղթի վրա»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Վերջինս կարծում է, որ տարածաշրջանային զարգացումները հղի են ադրբեջանական և թուրքական ագրեսիայով, որովհետև եթե խառը իրավիճակ լինի, նրանք դրանից օգտվելու են միանշանակ, և մենք պետք է հասկանանք, որ խնդիրը կարող է այստեղից գալ:

«Հայ դիվանագիտությունը պետք է բազմաշերտ լինի: Հասկանում եմ, որ վարչապետը ի պաշտոնե պետք է մի դիրքորոշում հայտնի: ԱԳՆ-ն, օրինակ, կարող էր, չէ՞, զոհված գեներալի թաղմանը դեսպանին ուղարկել: Ինչո՞ւ Ադրբեջանի դեսպանը պետք է ներկա լինի այդ արարողությանը, իսկ Հայաստանի դեսպանը՝ ոչ»,- նկատեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այդ նպատակի համար կարող էր ծառայել նաև խորհրդարանական դիվանագիտությունը, Իրան-Հայաստան բարեկամական խումբը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ վարչապետն ասել է, թե բոլոր ինստիտուտներն աշխատում են, ու թող տնայնագործ գեոպոլիտիկները խուճապ չտարածեն, Արմեն Աշոտյանն ասաց, որ վարչապետին մեկնաբանելն առհասարակ անշնորհակալ գործ է:

«Այդ մարդը զարմանալի ունակություն ունի մի քանի օրում 180 աստիճանով տարբեր բաներ ասել: Մի քանի շաբաթ առաջ ասում էր, որ պետական ապարատը դիմադրում է, և ինքը աշխատում է ի հեճուկս պետական ապարատի, հիմա պարզվում է՝ մենք ինստիտուտներ ունենք: Մի քանի ամիս առաջ ասում էր, որ ինստիտուտներ չունենք, որովհետև իր ձեռքն ընկել է գաղտնի զեկույց: Անշնորհակալ գործ է՝ հատկապես արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում: Ես նորից պետք է կրկնեմ, որ նա պարտավոր չէ ամեն ինչի գիտելիք ունենալ, բայց պարտավոր է այնքան խելամիտ լինել, որ գոնե իր Արտգործնախարարությանն աշխատեցնի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանն ասում է, որ ինքը չի ուզում ապրել մի երկրում, որի վարորդը, պատկերավոր ասած, խմած է:

«Եթե բալային համակարգը ներդնեին քաղաքականության մեջ, Նիկոլ Փաշինյանն այս մի շաբաթվա մեջ 9 բալից 8-ը կորցրել է»,- ասաց նախկին պատգամավորը:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին ու ընդդիմադիր դաշտին՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ վերջին 7-8 օրում զավեշտները շատ են:

Մանրամասները՝ տեսանյութում