ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները պարզելու համար:
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ այս մասին այսօր տեղեկացրել են ԱԱԾ-ից:
Հիշեցնելով, որ նոյեմբերի 14-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները, Մարտիրոսյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ եք պարզել այդ հանձնարարականի մասով, կա՞ն նման շրջանակներ, և եթե՝ այո, ապա ի՞նչ ձևերով ու ուղիներով են համագործակցում:
ԱԱԾ-ից հրաժարվել են այլ տեղեկատվություն տրամադրել՝ վկայակոչելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը:
Օրենքի նշված կետերը վերաբերում են տեղեկատվության տրամադրման սահմանափակմանը, եթե դրանք պարունակում են պետական, ծառայողական գաղտնիք, խախտում են մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը: