«Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը, կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ՝ Իտալիայի քաղաքացիների կողմից»։ Այս մասին 2019 թվականի նոյեմբերի 14-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայությունը։
Կալանավորվեցին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, նույն հաստատության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Նրանց մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։ Դատարանի որոշմամբ՝ այս անձինք գրավի դիմաց ազատ արձակվեցին։
«Հետքն» ուսումնասիրել է վերջին 10 տարիներին Հայաստանից որդեգրումների վերաբերյալ տվյալներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որդերգման վիճակագրությունից մի քանի ուշագրավ փաստեր։
1․ Սխալներ, խմբագրումներ եւ անհամապատասխանություն պետական վիճակագրությունում
Վերջին 10 տարիներին Հայաստանից որդեգրված երեխաների վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տրամադրած տվյալները չեն համընկնում։ Ըստ նախարարության` որդեգրվել է 634 երեխա, իսկ ըստ ԱՎԿ-ի՝ 849 երեխա։ Այս թվերի միջև տարբերությունը 215 է, որը զուտ թիվ չէ, այլ հարյուրավոր երեխաների առանձին ճակատագրեր։ Երկու պետական մարմինների վարած վիճակագրությունն ըստ տարիների դիտարկելիս՝ ամենամեծ տարբերությունը նկատվում է 2010 և 2011 թվականին։
«Հետքը» փորձեց պարզել, թե ինչն է որդեգրված երեխաների վերաբերյալ վիճակագրության նման անհամապատասխանության պատճառը։ Ազգային վիճակագրական կոմիտեից մեզ հայտնեցին, որ որդեգրումների մասին իրենց տեղեկատվության աղբյուրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը հանդիսանում է տվյալ ոլորտի վարչական լիազորությունների տիրապետող մարմին, հետևաբար և վարչական ռեգիստր: Նախարարությունը տվյալներն ԱՎԿ-ին է տրամադրում կիսամյակային պարբերականությամբ: Եթե Ազգային վիճակագրական կոմիտեն նախարարությունից ստացել է տվյալներ, որոնք հետագայում փոփոխության են ենթարկվել նախարարությունում, հնարավոր է՝ որոշ տվյալներ խմբագրվել են հետին ամսաթվով։
«Ձեր դիտարկումը, որ ինչ որ մի տեղ եղել է նաև որոշակի այլ տիպի միջամտություն, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև կարծում եմ, որ նման գնահատական կարող են հնչեցնել իրավապահ մարմինները՝ որոշակի աշխատանք կատարելուց հետո»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Հետքի» հետ զրույցում։
Նա նշեց, որ վիճակագրության անհամադրելիությունը նույնպես պատճառ է հանդիսացել, որ նախարարությունը կասկածի տակ դնի որոշ որդեգրումների օրինականությունը և դիմի օրինապահ մարմիններին։ «Թվերի տարբերությունը մեզ նույնպես մտահոգում էր, որովհետև թվերը նաև վերահսկողության միջոց են, և երբ դրանցում կա խնդիր, պարզվում է, որ իրավիճակի վերահսկողությունը ամբողջական չէ»,- ասում է Անդրեասյանը։
Ըստ փոխնախարարի՝ այս պահին նախարարությունն աշխատում է տվյալների հավաքագրման և մշակման առավել ճշգրիտ, արդյունավետ լուծումների վրա։
Ամբողջությամբ՝ hetq.am