NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սեպուհը պատմել է Սիրուշոյի հետ հերթական համագործակցության, տեսահոլովակում սափրվելու գաղափարի և 2020-ի ծրագրերի մասին:
«Երգը գրել եմ մոտ 13 տարի առաջ: Այդ ժամանակ այն ձայնագրեցի Ջիվան Գասպարյան կրտսերի հետ, նրա դուդուկի ներքո: Առաջին անգամ ես և Սիրուշոն այն որպես զուգերգ Հայաստանում ներկայացրել ենք 2017 թ-ի նոյեմբերին՝ Համալիրում՝ իմ մենահամերգի ժամանակ: Այդ օրը մենք ներկայացրինք նաև «Վույ աման» երգի ակուստիկ տարբերակը».-պատմում է երաժիշտն ու շարունակում,- «Դուետը շատ լավ հնչեց, այդպիսով որոշեցինք այն ձայնագրել նոր տարբերակով: Սիրուշոյի կատարմամբ Have You Ever-ի նոր տարբերակի պրոդյուսինգով զբաղվել եմ անցած տարի: Նա 2019-ի գարնանը ինձ հյուր եկավ Լոս Անջելեսում, ձայնագրեցինք նրա հատվածն ու նկարահանեցինք տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվել ենք ACRS-ի հետ միասին»:
Տեսահոլովակի ամենահետաքրքիր և սենսացիոն պահերից մեկն այն է, երբ երկար մորուքով հայտնի երգիչը հանկարծակի ամբողջովին սափրում է այն: Մինչ շատերը կարծում են, թե Սեպուհն իրականում զոհողության է գնացել հանուն տեսահոլովակի, շտապենք ցրել այդ ասեկոսեները: Իրականում երաժիշտը հեշտությամբ է համաձայնվել հրաժեշտ տալ մորուքին:
«Նման մտադրություն երկար ժամանակ ունեի: Տեսահոլովակը նկարահանեցինք իմ բնակարանում, և դա լավ առիթ էր, որ սափրվեմ հենց հանրության առջև»:
Երգի ամբողջական պրոդյուսինգն ավարտելու և տեսահոլովակը մոնտաժելու համար Սեպուհին և նրա թիմին պահանջվել է 9 ամիս: Երաժիշտն ուրախ է, որ հենց 2020 թ-ի մեկնարկին հանրությանը կարողացան ներկայացնել իրենց նոր համատեղ աշխատանքը:
Երաժիշտն իր Capital Cities բենդի հետ անցած տարի սեպտեմբերին առաջին անգամ եղավ Հայաստանում՝ մասնակցելու Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Գյումիրում: Երաժիշտները նաև ելույթ ունեցան Երևանում:
Ինչ վերաբերում է բենդի հայաստանյան տպավորություններին և հնարավոր վերադարձին, Սեպուհը նշեց.
«Դա հրաշալի փորձ էր մեզ համար: Բենդի իմ ընկերներն իսկապես հավանեցին Հայաստանը, նրանք բացահայտեցին Երևանն ու Գյումրին, եղան Գառնիում և Գեղարդում: Անհամբեր սպասում ենք այստեղ հանդես գալու ևս մեկ առիթի»:
Իսկ երաժշտական նորությունների առումով տարին, կարծես, թե բուռն է լինելու ամերիկահայ հայտնի երգչի համար.
«Այս տարի շատ ոգևորված եմ. ուզում եմ ավելի շատ երգեր ու տեսահոլովակներ թողարկել, կենդանի համերգներ ունենալ: Հիմա աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի շուրջ, ինչպես նաև համագործակցությունների, որոնք այնպիսի արտիստների հետ են, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Galestian-ը, Bei Ru-ն, Արտյոմ Մանուկյանը: Նոր նախագծեր կլինեն նաև Սիրուշոյի հետ»:
Ամբողջությամբ՝ news.am