ՀՀ-ում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ:

Հունվարի 14-ի դրությամբ` հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը դեռևս բաժին է ընկնում Երևանի մանկական ստացիոնարներին: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 40 հիվանդ (նախորդ տարվա 63-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են մինչև 5 տարեկան երեխաները: Ծայրահեղ ծանր հիվանդներ՝ պայմանավորված հետգրիպային բարդություններով առկա չեն:

Ընթացիկ տարվա հունվարի 13-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 77 կանչ, նախորդ տարվա 119 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 17 կանչ, նախորդ տարվա 29 կանչի փոխարեն:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Կրթական կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկումը։ Հունվարի 14-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 138 դպրոցում և 23 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը  շեղումների մասին օրական տեղեկացնում է շահագրգիռ կառույցներին:

Հիշեցենք, որ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Չնայած առողջապահության նախարարության հորդորներին, դեռևս խիստ ցածր է ռիսկի խմբերի ներկայացուցիչների սեզոնային գրիպի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, մասնավորապես՝

  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ 4,6%,
  • հղիներ՝ 3,1%,
  • քրոնիկ հիվանդներ՝ 7,9%,
  • 65-ից բարձր տարիքի անձինք՝ 1,5%:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպիև սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։