«Սա ոնց որ ձեռառնոցի ա… Ես էս կյանքում երկու հարց կա, որի պատասխանը չունեմ, մեկը՝ ինչո՞ւ է աղմկում գետը, մյուսը՝ ի՞նչ են հուշում աստղերը». ԲՀԿ եւ «Իմ քայլի» պատգամավորները վիճեցին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Սա ոնց որ ձեռառնոցի ա… Ես էս կյանքում երկու հարց կա, որի պատասխանը չունեմ, մեկը՝ ինչո՞ւ է աղմկում գետը, մյուսը՝ ի՞նչ են հուշում աստղերը». ԲՀԿ եւ «Իմ քայլի» պատգամավորները վիճեցին. aravot.am

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ պատգամավորները «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու նախագիծ էին բերել:

Ինչպես ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց, առաջարկում են ամրագրել, որ մարդը, եթե ուզում է իր իրավունքների պաշտպանությունը կապել իր համար վստահելի մարդու հետ, պարտադիր չի, որ անպայման փաստաբանի լիցենզիա ունենա: Հանձնաժողովի նիստում երկարատեւ բուռն քննարկում եղավ, Գեւորգ Պետրոսյանը վիճեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Բաղդասարյանն ասաց, որ նախատեսվում է` երկու կողմերն էլ հավասար իրավունքներով ներկայացված լինեն դատարանում, եթե այս օրենքն ընդունվի, հավասար իրավունքների մոտեցումը կորում է, փաստաբանը վարքագծի կանոնների է ենթարկվում, իսկ ոչ փաստաբանը չի ենթարկվում այդ կանոններին, ստացվում է, որ փաստաբանն ավելի վատ իրավիճակում է հայտնվում դատարանում:

Նա Պետրոսյանին ասաց, որ շատ լավ հասկանում է հարցը, բայց չունի պատասխան, դրա համար էլ իր հարցին չի պատասխանում: Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ես էս կյանքում երկու հարց կա, որի պատասխանը չունեմ, մեկը՝ ինչո՞ւ է աղմկում գետը, մյուսը՝ ի՞նչ են հուշում աստղերը»:

Բանավեճից հետո Գեւորգ Պետրոսյանը հանկարծակի բարկացած վեր կացավ տեղից, ասաց՝ «սա ոնց որ ձեռառնոցի ա, քաղաքացիական դատավարությունից հարց ենք բերում, շուռ են տալիս քրեական»: Սա ասելով՝ նա դուրս եկավ հանձնաժողովի նիստերի սենյակից՝ թողնելով իր հարցն առկախված: Նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ասաց. «պարոն Բաղդասարյան, ձեր արածը ձեր դուրն եկա՞վ»: Նիկոլայ Բաղդասարյանն էլ արձագանքեց. «Ինքը տեղ ունի գնալու, դա է պատճառը, իմ ելույթը չի»: Ստիպված հայտարարեցին ընդմիջում մեկ ժամ, քանի որ չէին կարող առանց հեղինակի քննարկել նախագիծը: Ավելի ուշ Պետրոսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, հետաձգեց իր նախագիծը:

aravot.am