Գիտնականները սպիտակուց են գտել, որը կարող է մեծացնել մարզումների արդյունավետությունը
Advertisement 1000 x 90

Գիտնականները սպիտակուց են գտել, որը կարող է մեծացնել մարզումների արդյունավետությունը

Միչիգանի համալսարանի գիտնականները սպիտակուց են գտել, որն ազդում է մարզումների դիմացկունության և արդյունավետության վրա:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գիտնականները փորձեր են կատարել ճանճերի և մկների վրա, և պարզվել է, որ սեստրինների  ընտանիքի սպիտակուցների էքսպրեսիան նույնպիսի արդյունք է ունենում, ինչ և ֆիզիկական մարզումները: Այս սպիտակուցը մկանների մեջ է կուտակվում մարզումներից հետո: Սեստրինի ակտիվացման դեպքում տեղի է ունենում մարզումների մոլեկուլային և ֆիզիոլոգիական արդյունքների նմանակում:

Կրծողների մկաններում սպիտակուցի մակարդակը մեծացնելով՝ գիտնականները նկատել են, որ դրանք դարձել են ավելի լավ զարգացած՝ անգամ առանց մարզումների, քան նրանց մկանները, ում մոտ այս սպիտակուցի մակարդակը ցածր էր: Հայտնի է նաև, որ հեղինակները 3 շաբաթ շարունակ հետևել են ճանճերին, որոնց ստիպել են դուրս գալ փորձանոթից: Նրանց համեմատել են միջատների հետ, որոնց մոտ սեստրինի գենն «անջատված» էր: Մասնագետների հաշվետվության մեջ նշված է, որ ճանճերը սովորաբար թռչում են 4-ից մինչև 6 ժամ, և այս ժամանակահատվածում նորմալ ճանճերի ֆիզիկական ունակությունները բարելավվել են:

Ընդ որում՝ սեստրին չունեցող ճանճերին  մարզումները չեն օգնել. «անջատված» սեստիրնով միջատները ոչ միայն ունեին ավելի վատթար դիմացկունություն, նրանց մոտ նաև նվազել է աերոբային շնչառության ֆունկցիան և բացակայել է ճարպերի այրման էֆեկտը, որը կապված է ֆիզիկական մարզումների հետ:

Գիտնականների ենթադրությամբ՝ սեստրինը կոդավորում է այս կենսաբանական գործողությունները՝ միացնելով կամ անջատելով նյութափոխանակության տարբեր ուղիները, որոնք անհրաժեշտ են մարզումների արդյունքի հասնելու համար:

news.am