Թագավորական ընտանիքի լիազորությունները վայր դնելուց հետո առաջին անգամ է արքայազն Հարրիի տիկինը` Մեգան Մարքլը ներկայացել հանրությանը։ Ներկայում Կանադայում բնակվող դքսուհին Վանկուվերի աղքատ թաղամասերից մեկում այցելել է կանանց ճգնաժամային կենտրոն, գրում է Daily mail–ը։
Պարբերականը հայտնում է, որ արքայազն Հարրին դեռ Մեծ Բրիտանիայում է, այն դեպքում, երբ նրա կինը և որդին` Արչին, Կանադայում են ապրում` 14 մլրդ դոլար արժեցող առանձնատանը։ Մեգան Մարքլը ժամանման պահին տնից դուրս չի եկել։
Լրագրողները նշել են, որ դքսուհին կենտրոն է այցելել «աշխատակիցների տրամադրությունը բարձրացնելու» և նրանց իր աջակցությունն առաջարկելու համար, նա բարձր տրամադրություն ուներ և կատակում էր իր անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։
Ճգնաժամային կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ Մեգանի այցն անսպասելի էր իրենց համար։
Հաստատության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այցի ժամանակ դքսուհին քննարկել է հասարակության մեջ կանանց առնչվող խնդիրները, թեև հայտնի չէ` այդ համագործակցությունը երկարաժամկետ կլինի, թե` ոչ։