Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ գրիպի և ՍՇՎ պատճառով, և ինչո՞վ են վտանգավոր դրանք. պատմում է մասնագետը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ գրիպի և ՍՇՎ պատճառով, և ինչո՞վ են վտանգավոր դրանք. պատմում է մասնագետը

Գրիպը և սուր շնչառական վարակները (ՍՇՎ) վտանգավոր են ոչ միայն ինքնին, այլ նաև իրենց բարդություններով, որոնք կարող են առաջանալ դրանց պատճառով, հատկապես այսպես կոչված ռիսկի խմբի մարդկանց՝ տարեցների, հղի կանանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների մոտ։

Մանկաբույժ Մարի Դարակչյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ որոշ վիրուսներ կարող են առաջացնել թոքաբորբ, մենինգիտ և այլ հիվանդություններ։ Այլ իրավիճակներում, եթե մարդու իմունային համակարգը «զբաղված» է գրիպի կամ ՍՇՎ-ի դեմ պայքարով, «գլուխ են բարձրացնում» հարուցիչները, որոնք վաղուց կային օրգանիզմում, բայց որոնց իմունիտետը պահում էր ճնշված վիճակում։ Այս դեպքում արդեն այդ հարուցիչները հանգեցնում են բարդությունների առաջացման։

Ի՞նչ բարդություններ են ավելի հաճախ առաջանում գրիպի և/կամ սուր շնչառական վարակների դեպքում։

  • Առաջին տեղում, իհարկե, թոքային բարդությունն է (թոքաբորբ, բրոնխիտ), հենց թոքաբորբն է գրիպից մահվան ելքերի մեծամասնության պատճառը։
  • Վերին շնչուղիների և քիթ-կոկորդ-ականջի հետ կապված բարդությունները (օտիտ, սինուսիտ, ռինիտ, տրախեիտ) նույնպես բավական հաճախ են հանդիպում, հատկապես երեխաների մոտ։
  • Նյարդային համակարգի հետ կապված բարդությունները (մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, էնցեֆալիտ, նևրալգիա, պոլիռադիկուլոնևրիտներ) հանդիպում են ոչ շատ հաճախ, բայց շատ վտանգավոր են պացիենտի կյանքի համար։
  • Սիրտ-անոթային համակարգի հետ կապված բարդությունները (միոկարդիտ, պերիկարդիտ) գրանցվում են հազվադեպ, բայց պակաս վտանգավոր չեն, քան մյուս բոլոր բարդությունները։
  • Հաճախ գրիպը ուղեկցվում է առկա քրոնիկական հիվանդությունների սրմամբ, ինչը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել պացիենտի համար։

Պատշաճ բուժման բացակայության դեպքում այս բոլոր բարդությունները կարող են ծանր խնդիրներ առաջացնել, իսկ որոշ դեպքերում նաև մահվան ելք ունենալ: Պատահական չէ, որ գրիպը դեռևս մտնում է ամբողջ աշխարհում մահվան 10 հիմնական պատճառների ցանկի մեջ:

Այս բոլոր բարդությունների զարգացման հավանականությունը մեծ է վերևում թվարկված խմբերի մեջ մտնող մարդկանց շրջանում, քանի որ նրանց օրգանիզմը տարիքի կամ այլ առանձնահատկությունների պատճառով ավելի խոցելի է թե՛ գրիպի, թե՛ այլ բարդությունների դեպքում: Ուստի եթե մտնում եք այդ խմբերից որևէ մեկի մեջ, չարժի ինքնաբուժմամբ զբաղվել, եթե հիվանդացել եք գրիպով կամ ՍՇՎ-ով. հետագա խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս բժշկի դիմել:

Մարի Դարակչյանը գրիպով վարակումը և դրա պատճառով բարդությունները կանխարգելելու համար խորհուրդ է տալիս պատվաստվել: Հայաստանում այս սեզոնին կիրառում են գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը, որը պաշտպանում է H1N1-ից, H3N2-ից և B գրիպի վիրուսի երկու գծերից:

Մասնագետը հիշեցրեց, որ բնակության վայրի պոլիկլինիկայում պատվաստումն անվճար է, պատվաստանյութն առաջին հերթին նախատեսված է մինչև 6 տարեկան երեխաների, հղի կանանց, 60 տարեկանն անց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով պացիենտների համար: Սակայն այս խմբերում չընդգրկված մարդիկ ցանկության դեպքում նույնպես կարող են պատվաստվել:

med.news.am