Մեր ընթերցողների քանի՞ տոկոսն է պատրաստ գումար նվիրաբերել ուրիշների բուժման համար։ Սա պարզելու համար NEWS.am Medicine-ը երեք հարցում է անցկացրել։
Հարցումների մասնակիցներն ամենից շատ հետաքրքրված էին օնկոլոգիական հիվանդություններով պացիենտներին աջակցության ցուցաբերմամբ։ Առաջին հարցման մասնակիցրեի 34 տոկոսը պատրաստ է ամեն ամիս 2500 դրամ տրամադրել նման պացիենտների բուժման համար։ Հարցվածների 14 տոկոսը պատրաստ է 5000 դրամ նվիրաբերել, իսկ 19 տոկոսը՝ ավելի քան 10 000 դրամ։ Մնացած 33 տոկոսը պատրաստ չէ գումար նվիրաբերել քաղցկեղով հիվանդների բուժման համար։ Այս հարցմանը 1215 հոգի է մասնակցել։
Անպտուղ զույգերին օգնել ցանկացողներն ավելի քիչ են․ երկրորդ հարցումը, որտեղ մասնակցել է 1416 հոգի, ցույց է տվել, որ հարցվածների 53 տոկոսն առհասարակ չի ցանկանում դրա համար փող նվիրաբերել, 24 տոկոսը պատրաստ է ամսական 2500 դրամ հատկացնել, 8 տոկոսը՝ 5000 դրամ, իսկ 15 տոկոսը՝ ավելի քան 10 000 դրամ։
Ինչպես պարզվեց, հարցված մարդիկ ամենից քիչ հետաքրքրվում են հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց վերականգնմամբ։ Երրորդ հարցման 1376 մասնակիցների 58 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ չէ փող հատկացնել նման պացիենտների բուժման համար։ Հարցվածների 25 տոկոսը, ինչպես պարզվեց, պատրաստ է ամեն ամիս 2500 դրամ նվիրաբերել, 7 տոկոսը՝ 5000, իսկ 10 տոկոսը՝ ավելի քան 10 000 դրամ ամսական։
Նշենք, որ օնկոլոգիական հիվանդությունների եւ անպտղության բուժումն այսօր Հայաստանում հաճախ հաջողվում է կազմակերպել հենց շնորհիվ նվիրատվությունների։ Չնայած օնկոլոգիական հիվանդությունների ճառագայթային թերապիան եւ վիրաբուժական բուժումը վերջին ժամանակներս ծածկվում է պետպատվերով, քիմիաթերապիայի դեղամիջոցների համար դեռեւս պետք է վճարի պացիենտն ինքը, եւ խոսքը հսկայական գումարների մասին է, որոնք միջին վիճակագրական ընտանիքի ուժից վեր են։ Նման պացիենտներին օգնության են գալիս բարեգործական կազմակերպությունները, որոնք ստացված նվիրատվությունների հաշվին մարդկանց ուժերի ներածի չափ օգնություն են ցուցաբերում։
Շնորհիվ սրտացավ մարդկանց նվիրատվությունների է աշխատում նաեւ «Հայ մանուկ» ծրագիրը, որն իրականացնում է «Հայ» ասոցիացիան (Asociacion HAY, ՀԱՅ Ասոցիացիա)։ Այդ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄԲ-ն անպտուղ հայ զույգերի համար, եւ նրա շնորհիվ շատ զույգեր երկար տարիների անպտղությունից հետո կարողացել են երեխաներ սաղմնավորել։