Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հունվարի 20-ին, տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ժողովի ընթացքում քննարկվել են թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր են փոխանակվել նաև եկեղեցականների պատրաստության, հոգևոր-կրթական հաստատությունների սաների ընդունելության և կրթության բարելավման վերաբերյալ:
Քննարկումներ են ծավալվել եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում կարգավորման ենթակա խնդիրների շուրջ: Ժողովականները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբերի հետևողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի և բարեպաշտ ժողովրդի:
Անդրադարձ է կատարվել նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող հասարակական որոշ կազմակերպությունների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստված զեկույցին: Եպիսկոպոսաց հավաքի կողմից արձանագրվել է, որ հիշյալ զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ և դիտարկումներ: Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի է նկատվել զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ:
Ժողովականները նաև հաստատել են, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակ չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու, թե՛ անցյալի և, թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից: