ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ:
այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:
«Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը երգչուհի Աննա Նետրեպկոյի ամուսինն է, Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելու պատճառով: Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա»,- ասաց Մանուկյանը:
Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով», հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:
Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։
Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:
Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզան Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից: