Հայ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների խանութ-ցուցասրահը, որտեղ հետաքրքիր ու յուրահատուկ հուշանվերներ են գտել զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից, հայ-չինական ընտանիքի ստեղծման առիթ դարձավ: Խանութ-ցուցասրահի տնօրեն, արվեստաբան Անի Մարգարյանն անգամ չէր մտածում օտարերկրացու հետ ամուսնության և այլ երկիր տեղափոխվելու մասին, բայց, ինչպես ասում են, սերն ամենագեղեցիկ ճանապարհն է, որը միավորում է ոչ միայն սրտերը, այլև երկրներն ու մշակույթները:
Անին իր ներկայիս վիճակն անվանում է «երկնքի և երկրի միջև»: Երկիրը Չինաստանն է, իսկ երկինքը` Հայաստանը: Նա ապրում է երկրում, բայց ձգտում է դեպի երկինք, որին հասնելու համար նախ պետք է ամուր կանգնել ոտքերի վրա նոր երկրում` Չինաստանում:
Անին պատմում է իր գործունեության, ընտանիքի, Չինաստան տեղափոխվելու, հայերի և չինացիների նմանությունների ու տարբերությունների մասին:
Խանութ-ցուցասրահի ասելիքը
Խանութ-ցուցասրահում ներկայցանում էի ավելի քան 133 հայ արվեստագետի ձեռքի աշխատանքներ: Ճիշտ է` ստիպված էի այն փակել, քանի որ Չինաստանից դժվար էր կառավարել, բայց հիմա էլ ուժերիս ներածին չափով փորձում եմ տարածել հայկական մշակույթը` հայ մանրանկարչությունը, տարազները, արդի արվեստը: Ցուցասրահը նաև ուսումնական կենտրոն էր դարձել, որտեղ ոլորտի մասնագետները դասավանդում էին հայկական ասեղնագործություն, հայ մանրանկարչություն, հայկական գորգագործություն: Ամենաշատն այդ մթնոլորտն եմ կարոտում: Վարպետների հետ մի ընտանիք էինք դարձել: Մինչև օրս շատերի հետ կապը պահում եմ: Սրտիս մի անկյունում հույս ունեմ, որ հետագայում հնարավորություն կլինի վերաբացել ցուցասրահը:
Ուղևորություն դեպի Չինաստան և սեր
Մտերիմ ընկերներս, որոնք գիտեն մեր սիրո պատմությունը, խորհուրդ են տալիս գիրք գրել այդ մասին, ասում են, որ կարող է ֆիլմի սցենար լինել: Արդեն սկսել եմ գրել, տեսնենք` ինչ կստացվի:
Ցուցասրահը մեր հանդիպման առիթ դարձավ: Ամուսինս իր գործընկերների` Նանջինգի համալսարանի դասախոսների հետ այցելել էր մեզ` հայկական հուշանվերներ գնելու: Նա բավականին մեծ գումարի հուշանվերներ ձեռք բերեց, ես անչափ ուրախացել էի ու ոգևորված զանգահարում էի վարպետներին, նրանց լուրը հաղորդելու համար: Կարծում էի` մեծ գնում անելը կապված է հայ արվեստով խիստ հետաքրքրված լինելու հետ, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ ապագա ամուսինս հրապուրվել էր ինձնով:
Ամբողջությամբ՝ armenpress.am