Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնը մայրաքաղաքում դիտարկումներ է իրականացնում օդային ավազանում։ Արդյունքները մխիթարական չեն։
Մայրաքաղաքում աղտոտվածությունը բավականին մեծ է։ Կանաչապատման ինչ ծրագրեր է նախատեսում քաղաքային իշխանությունը և ինչպես պետք է վերականգնվեն անտառածածկ տարածքները:
Երևանում տեղակայված 5 դիտակայանների շուրջօրյա դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ վերջին երեք ամիսներին մայրաքաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նախորդ ամիսների հետ համեմատ ավելացել է 1.5 անգամ։
«Բայց այդ ավելացած կոնցետրացիաները տարվա ընթացքում դիտված կոնցետրացիաներին բնորոշ կոնցետրացիաներ են։ Այսինքն` 2019 թվականի ընթացքում մթնոլորտային օդում փոշու կոնցետրացիան չի ավելացել, սակայն ունենք սահմանային թույլատրելի կոնցետրացիաներից գերազանցումներ։ Սահմանային թույլատրելի կոնցետրացիան 150 միկրո գրամ մետր խորանարդ է, իսկ առավելագույն դիտված կոնցետրացիաները երեք- չորս անգամ գերազանցել են»։
Ըստ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի՝ մտահոգիչ է սահմանված թույլատրելի նորմերից 40 տոկոս գերազանցումների թիվը։ Ստացվում է, որ մթնոլորտային օդում փոշու կոնցետրացիան բավականին մեծ է։ Սակայն տարվա ընթացքում այն էականորեն չի փոխվել։ Մյուս աղտոտիչների՝ ծծմբի և ազոտի երկօքսիդների մասով գերազանցումներ չկան։ Եղածներն էլ էպիզոդիկ դեպքեր են, ասում է նախարարության ներկայացուցիչը։
«Քաղաքում համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս և Խանջյան խաչմերուկն է, որտեղ դիտակայանում հաճախ ենք ունենում գերազանցումներ»։
Բնապահպան Ինգա Զարաֆյանը կարծում է, որ բերված թվերը չեն արտահայտում այն վտանգը, որն առկա է հանրապետությունում։ Օրինակ է բերում գաջի գործարանի հարևանությամբ ապրողներին, որոնք ամեն օր շնչում են օդն աղտոտող վտանգավոր փոշին։ Բնապահպանը նշում է, որ թեև չկան ծծմբի և ազոտի երկօքսիդների մասով գերազանցումներ, սակայն «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» հարակից տարածքներում վտանգավոր արտանետումների էպիզոդները շատ են։
« Դուք մի հատ փորձեք, երբ արտանետում է լինում, մեկ րոպե այնտեղ կանգնել»։
Մեր հանրապետությունում չկա պաշտպանիչ շերտ, որով մարդը կարող է այդ վատ աղտոտված օդը չշնչել։ Կանաչապատ տարածքները Հայաստանում վաղուց վերացել են։
Ամբողջությամբ՝ armradio.am