Էլեկտրոնային ծխախոտի օգուտը կասկածելի է, իսկ վնասը՝ ակնհայտ. ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Էլեկտրոնային ծխախոտի օգուտը կասկածելի է, իսկ վնասը՝ ակնհայտ. ԱՀԿ

Էլեկտրոնային ծխախոտը, ինչպես սովորականները, վտանագավոր է թե՛ դրանք օգտագործողների, թե՛ շրջապատողների համար: Այս մասին նշված է էլեկտրոնային համակարգերով նիկոտին հասցնելու (ԷՀՆՀ)՝ էլեկտրոնային ծխախոտի հետ կապված ռիսկերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  հրապարակած նախազգուշացման մեջ:

Այս ծխախոտն արտադրողներն այն ներկայացնում են որպես սովորական ծխախոտին անվտանգ այլընտրանք կամ որպես գաջեթներ, որոնք կարող են օգնել ծխելուց հրաժարվելուն: Բայց ԱՀԿ մասնագետների հայտարարությամբ բավարար ապացույցներ չկան, որ դրանք կարող են օգնել ծխելը թողնելուն: Միաժամանակ էլեկտրոնային ծխախոտի վնասի մասին տվյալները զգալիորեն շատ են:

Մասնագետների խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտը երիտասարդների, մասնավորաբար դեռահասների շրջանում առաջացնում է կախվածություն: Ընդ որում՝ սակավաթիվ են այն բանի օգտին տվյալները, որ դրանց օգտագործումը կանխում է դեռահասների կողմից սովորական ծխախոտ ծխելը:

Ինչ վերաբերում է ԷՀՆՀ վնասին, ապա դրանց գործածումը կապված է սիրտ-անոթային համակարգի և թոքերի հիվանդությունների զարգացման մեծ հավանականության հետ: ԱՄՆ-ում վեյփի հետ կապված սուր հիվանդության հետևանքով արդեն ավելի քան 50 մարդ է մահացել, իսկ հիվանդացածների թիվն անցել է 2500-ից: ԱՀԿ-ն նաև ընդգծում է գաջեթների վնասը հղի կանանց համար:

Իսկ քանի որ վեյփինգի ժամանակ առաջացող աերոզոլը պարունակում է թունավոր նյութեր, այն վտանգավոր է նաև ծխողի կողքին եղողների համար: Ուստի ԱՀԿ-ն հանդես է գալիս դեռահասների համար ԷՀՆՀ մարքեթինգի դեմ և հաստատություններում ու աշխատավայրերում դրանց սահմանափակման օգտին:

news.am