Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ
Advertisement 1000 x 90

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ: Այս հարցին Փաշինյանն անդրադարձավ հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Եկեք նայենք, թե Ղարաբաղի հարցում ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահ-խմբ.): Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել բանակցային գործընթացը, և նախկին իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեն եղել …. Պարբերություն առաջին, երեք հիմնական պարբերություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:

Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:

Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա այն ժառանգությունն է, որը եղել է առկա բանակցությունների սեղանին:

«Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Ես առաջարկում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն` այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդը ասի՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ ՀՀ որևէ կառավարություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան իր կառավարությունն է: