Ես չեմ հասկանում երջանկություն բառի իմաստը: Կյանքում երջանիկ լինելու նպատակ` որպես այդպիսին, չեմ ունեցել: Մտածում եմ` եթե ամեն օր ծնվում ենք, նայում ենք արևին, հենց նոր հանդիպեցինք, նստած զրուցում ենք, ուրեմն երջանիկ ենք, էլի:
Նաիրի Գրիգորյան, նկարիչ, քանդակագործ.
Անձնական երջանկություն.
Աղջկաս հարսանիքին այնքան ուրախ էի: Մոսկվայում էինք: Աղջիկս հարսի շորերով էր, շատ երջանիկ էր: Ես նրան ուղեկցեցի ու հանձնեցի փեսային: Միայն այս պատկերը եկավ անցյալից: Գուցե նրանից է, որ ես անցյալի մասին քիչ եմ մտածում: Ներկայով ու ապագայով եմ ապրում: Ինչ անցել է, արդեն անցել է: Հետ չեմ նայում: Միշտ 20 տարեկան եմ զգում ինձ կամ էլ նոր ծնված:
1990-ականներին Փարիզ եմ մեկնել մեծ սպասումներով, բայց արտառոց ոչինչ չեղավ: Հետո գնացի Մոսկվա, ընդ որում` չնախատեսված ու պատահական, մնալս երկարեց 4 տարի և դարձավ ճակատագրական: Այդ տարիներին շատ նկարիչներ մեկնեցին Մոսկվա: Նկարում էինք, ցուցահանդեսներ էինք կազմակերպում, նկարները վաճառվում էին: Մոսկվան մեզ շատ բան տվեց` և’ լավը, և’ վատը: Լավն այն էր, որ ստիպված էինք նկարել, նկարել, նկարել, որովհետև ապրել էր պետք: Բայց հայ ժամանակակից արվեստի մեջ, չափազանցություն չլինի ասածս, վատ անդրադարձ ունեցավ այն առումով, որ տղաներից շատերը չդիմացան արագ ու հեշտ փող աշխատելու գայթակղությանը ու տրվեցին կոմերցիոն միտումներին. ցուրտ էր, ապրել էր պետք, իսկ դրսում 30-50 դոլարով կարելի էր նկար վաճառել:
Մասնագիտական երջանկություն.
Վերջերս ցուցահանդես կազմակերպեցի: Անձամբ ես գոհ մնացի, որովհետև իմ ուզածը 70 տոկոսով իրագործեցի: Ցուցահանդեսին մեկ նկար էի ցուցադրվել, և ցուցահանդեսը տևել էր ընդամենը մեկ երեկո:
Հիմա Մոսկվայի տանը ունենք Սարյան նկարչական դպրոց. մի երեկո բոլոր ուսանողները նկարեցին դերասանուհի Կարինե Ջանջուղազյանին: Դրանից հետո Կարինե Ջանջուղազյանի մոնոներկայացումն էր. բոլոր ուսանողները մեկ մարդու պես եկել էին Կարինեի «Ճնճղուկը» նայելու, որ իրենց նկարած արտիստին տեսնեն բեմի վրա: Այս ուսանողները, որ 12-13 տարեկան պատանիներ են, կապվեցին նաև թատրոնին, բեմին, և ես սա մեծ հաջողություն եմ համարում:
Հանրային երջանկություն.
Երբ Փարիզից եկա Երևան, մտածում էի արտ-սրճարան բացելու մասին, որտեղ կարող էին հավաքվել մարդիկ, սուրճ խմել, նկար նայել, զրուցել, իրենց լավ զգալ պարզապես: Երկար տարակուսելուց հետո, այնուամենայնիվ, բացեցի «Արվեստանոցը», և միակ հաջողությունն այն է, որ շատ հրաշալի մարդկանց ճանաչեցի:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Երջանիկ ապրելու շանս, իմ կարծիքով, ամեն տեղ էլ կունենաս: 30 տարի ընդմիջումից հետո Երևան եկա Փարիզից: Թվում է` Փարիզում երջանիկ ապրելու հնարավորությունից առավել ի՞նչ կարող էր լինել: Բայց Երևանում էլ` երջանիկ եմ, ավելին` Երևանն էլ իմ Փարիզն է` իր նախկին ձկան խանութով, Սուրբ Սարգիս եկեղեցով, Կոնդով: Սա հայրենիք է: Եվ սա իմ հայրենիքն է: Բայց արվեստագետը կարող է և պիտի գնա ուրիշ երկրներ, տեսնի, ճանաչի, փորձի, ինչու ոչ` նաև ուրիշ մի տեղ երջանկություն գտնի: Երջանկությունը երկրից չէ, մարդուց է: Չեմ կարծում, թե երկիրն է տալիս երջանկությունը, դու պիտի երկրին երջանկություն տաս: Հենց հիմա, հենց այս պահին ես երջանիկ եմ Երևանում: Գուցե ավելի, քան եթե Փարիզում լինեի:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
Ամբողջությամբ՝ armtimes.com