«Եվս երկու օր առանց տեղումների. դեկտեմբերի 1-ի գիշերը տեղումներ կսկսվեն». Գագիկ Սուրենյան. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Եվս երկու օր առանց տեղումների. դեկտեմբերի 1-ի գիշերը տեղումներ կսկսվեն». Գագիկ Սուրենյան. armtimes.com

Հայաստանում առանց տեղումների եղանակը կպահպանվի եւս երկու օր, այնուհետեւ ձմռան հենց առաջին օրն առաջին իսկ ժամերից սկսած տեղումներ կսկսվեն: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սպասվում է նաեւ օդի ջերմաստիճանի բարձրացում: «Նոյեմբերի 30-ին Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում մեր երկրի տարածքին: 30-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 1-ի գիշերն արդեն տեղումներ կսկսվեն, որոնք կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը: Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, հովտային շրջաններում՝ եւ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Ամսի 3-ին տեղումները կդադարեն»,- ասաց Սուրենյանը:

Նա ընդգծեց, որ օդի ջերմաստիճանը, հատկապես զգալի (մոտ 6-7 աստիճանով) կբարձրանա դեկտեմբերի 1-ի գիշերը՝ հաշվի առնելով, որ ներթափանցող ցիկլոնը Միջերկրական ծովից իր հետ տաք օդային հոսանքներ է բերում: Այսինքն, եթե այս օրերին Երեւանում գիշերը -8 աստիճան ցուրտ է գրանցվում, ապա դեկտեմբերի 1-ից հետո գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կմոտենա 0+2 աստիճանի: Այդ է պատճառը, որ տեղումները կանխատեսվում են խառը տեսքով.

«Այսինքն՝ ձնածածկույթ հնարավոր է չձեւավորվի: Դեկտեմբերի 1-ի առավոտյան մաքուր ձյուն կգա, այնուհետեւ ջերմաստիճանը կբարձրանա ու ձյունը կվերածվի ձնախառն անձրեւի, դա էլ՝ թաց ձյան»,- ընդգծեց օդերեւութաբանը:

Նշենք, որ տեղումները, հատկապես առատ կլինեն Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում:

Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ առաջիկա ձմռան ընթացքում կլինեն եւ շատ սառնամանիքային օրեր, երբ ջերմաստիճանը -7-10 աստիճան կլինի, եւ շատ տաք օրեր, երբ ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-ից 10 աստիճանով:

«Մեր հանրապետության տարածքը այդ երեք ամիսներին շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային  հոսանքների ազդեցությանը, որոնք առաջացնելու են օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ՝ առատ ձյուն, բուք եւ այլն: Ժամանակ առ ժամանակ կզգացվի նաեւ Մերձավոր Արեւելքից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի հետեւանքով որոշակի ժամանակահատվածներում կնկատվի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում»,-ասաց նա՝ հավելելով, որ ֆերմերներին խորհուրդ են տալիս կատարել այգեթաղ, քանի որ խաղողի առանձին տեսակներ -18 աստիճանի դեպքում ցրտահարվում են:

Ամփոփելով կանխատեսումները՝ Գագիկ Սուրենյանն ընդգծեց՝ սպասվում է ձնառատ ձմեռ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: