Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն ցանկացել հող հանձնել․ Թևան Պողոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Advertisement 1000 x 90

Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն ցանկացել հող հանձնել․ Թևան Պողոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղարաբաղյան բանակցություններում տարածքներ հանձնելու վերաբերյալ քաղաքական մարտավարության մաս է համարում։

«Ես հասկանում եմ, որ քաղաքական պայքարի ժամանակ կարելի է օգտագործել ամեն ինչ, բայց, քանի որ ես այդ պայաքրի մեջ չեմ, շատ լավ գիտակցում եմ հետևյալը՝ միասնական կլինենք, ամուր կլինենք հայանպաստ լուծում կստանանք։ Ես շնորհակալ եմ բոլոր նախկիններին, ովքեր նախորդ երեսուն տարվա մեջ մեծացրել են Հայաստանը, հուսամ՝ ապագայում էլ ճիշտ կընթանա ամեն ինչ։ Բանակցային գործընթացների շրջանակներում տարբեր անուններով բանաձևեր են քննարկվել, բայց բոլորիս է հայտնի, որ ոչ հայանպաստ լուծում չի եղել», – նկատեց Պողոսյանը։

Նրա խոսքով, ղարաբաղյան բանակցությունների փաստաթուղթը, որը ընթերցել է Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում, քննարկվել է Կազանում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի միջև բանակցությունների ժամանակ և որը ադրբեջանական կողմը մերժել է։

«Եկեք ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց այդ փաստաթուղթը, չէ՞ որ նրանք են մերժել և ոչ թե մենք։ Այդ ի՞նչը ստիպեց Ադրբեջանին մերժել այդ փաստաթուղթը։ Ունե՞նք մենք որևէ կորուստ 1994-ից այս կողմ։ Ոչ։ Ուրեմն ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է ցանկացել հող հանձնել, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը։ Հուսով եմ ու վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ հող չի հաննձելու ու ոչ էլ իրենից հետո եկողները», -ընդգծեց Թևան Պողոսյանը։

Ճշտող հարցին՝ փաստորեն Փաշինյանը մոլորեցնո՞ւմ է, երբ հայտարարում է, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանի հետ բանակցել են «տարածքներ ԼՂ կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ, Պողոսյանը արձագանքեց. «Հարցը մոլորեցնելը չէ, հարցը քաղաքական մարտավարությունն է, որն ընտրվում է տվյալ պահի քաղաքական պայքարի ընթացքում։ Ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ վատ բան գտնում, որ պառակտեք։ Ինձ օրինակ, չեն մոլորեցրել, դուք մոլորվե՞լ եք։ Լավ, Լուկաշենկոյի հարցազրույցն էլ ձեզ քի՞չ է, երբ ասաց, որ ես և Պուտինը առաջարկել ենք Սարգսյանին հողերը հանձնել, նա էլ ասել է՝ չեմ տալու։ Դրանից հետո էլ ի՞նչ ասվի»։

infoport.am