Ամերիկյան ռեստորաններում գրեթե բոլոր կերակուրները վնասակար են առողջության համար։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of Nutrition-ում։
ԱՄՆ-ում ճարպակալում ունեցող մարդկանց թիվն աճում է մեծ արագությամբ, և շատ մասնագետներ դրա մեջ մեղադրում են անառողջ սնունդը և քիչ շարժուն կենսակերպը։ Արևմտյան սննդակարգը, մասնագետների խոսքով, պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր և ճարպ։ Միջին վիճակագրական ամերիկացու սննդաբաժնում շատ են հացամթերքները, կարմիր միսը, տապակած կարտոֆիլը և խյուսը։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Ամերիկայում բոլոր ռեստորանների կերակուրների մոտ 0,1 տոկոսը կարելի է համարել օգտակար առողջության համար։ Թաֆթսի համալսարանի գիտնականները Մասաչուսեթսում ուսումնասիրել են ավելի քան 35 000 մարդու սննդային նախասիրությունները, որոնք մշտապես այցելել են ռեստորաններ 2003-2016 թվականներին։ Բոլոր կերակուրների կեսը պարունակել է անբավարար քանակությամբ օգտակար սննդարար նյութեր, իսկ իդեալական չի եղել և ոչ մի կերակուր։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դա մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ ռեստորաններում և սրճարաններում է սնվում ամերիկացիների 20 տոկոսը, իսկ ֆասթ ֆուդ մշտապես օգտագործում է 12 տոկոսը։
Գիտնականների խոսքով՝ ամերիկացիներին անհնար է հետ պահել սրճարաններ և ռեստորաններ այցելելուց։ Շատ ավելի հեշտ է ստիպել այդ հաստատությունների տերերին իրենց կերակուրներն ավելի օգտակար դարձնել առողջության համար, անգամ եթե նրանք համի տեսակետից այնքան էլ «սովորական» չթվան։