Չինաստանում աշխատողները կարանտինի պատճառով չեն կարողանա գնալ աշխատանքի:
Չինական գործարանները, որտեղ հավաքվում են Apple-ի տեխնոլոգիաները, կարող են դադարեցնել աշխատանքը, քանի որ աշխատակիցներին արգելվելու է աշխատանքի գնալ՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Գրեթե բոլոր iPhone-ները հավաքվում են Foxconn-ում և Pegatron-ում, որոնք գտնվում են Ուհանից 500 կմ հեռավորության վրա․ հենց այս քաղաքից վիրուսը սկսեց տարածվել: Այնուամենայնիվ, հեռավորությունը նրանց չի փրկում վարակման հավանականությունից և հետևանքներից:
Չինաստանում Apple-ում աշխատում է մոտ 10 հազար մարդ, մի քանի միլիոն մարդ էլ ներգրավված է iPhone-ի, iPad-ի և Apple Watch-ի մատակարարման ցանցում: Նրանցից շատերը հանգստյան օրերին տուն են գնացել չինական նոր տարվա ընթացքում: Հայտնի չէ ՝ ընկերությունն աշխատողներին խնդրե՞լ է տանը մնալ, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, Չինաստանի իշխանությունները սահմանափակումներ են դրել որոշ քաղաքներ լքելու վրա, ներառյալ Ուհանը:
«Իրավիճակը Չինաստանում կարող է ազդել արտադրության ժամանակացույցի վրա»,- ասել է մատակարարման ցանցի ղեկավարներից մեկը Nikkei Asian Review-ին:
Այս խոսակցություններից հետո Foxconn-ի խոսնակն ասել է, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկել Չինաստանում իր արտադրական պարտավորությունները կատարելու համար, այնպես որ, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը չի ազդի Apple-ի սարքերի թողարկման վրա: Այդ մասին հայտնում է AppleInsider-ը: Ընկերությունը չի նշել, թե ինչպես է պատրաստվել հնարավոր կարանտինի համար:
Կորոնավիրուսի տարածումը սկսվել է 2019 թվականի վերջին: Այժմ հայտնի են վարակի ավելի քան 4000 դեպքեր, հիվանդությունից մահացել է ավելի քան 100 մարդ:
Սիրարփի Աղաբաբյան