Գերմանական Ուլմա քաղաքում, որը Բադեն-Վյուրտեմբերգ հողում է, բուժքրոջը կասկածում են հինգ նորածինների մահափորձի մեջ։ Գործի նյութերի համաձայն, նա նորածիններին փորձել է մորֆիով թունավորել։
Ինչպես հայտնում է New York Times-ը, 2019թ․ դեկտեմբերի 20-ին Ուլմայի համալսարանական կլինիկայում հինգ նորածինների մոտ շնչառական խնդիրներ են ծագել, և նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ընդ որում՝ երեքին միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Բոլոր երեխաներին հաջողվել է փրկել։
Մի քանի շաբաթ բժիշկները փորձել են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել երեխաների հետ և ինչու է հինգի մոտ միանգամից շնչառության հետ կապված խնդիրներ առաջացել։ Վարակի կասկածները չեն հաստատվել, սակայն երեխաների մեզի մեջ մորֆիի հետքեր են գտել, ինչի մասին անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին։
Ոստիկանությունը հարցաքննել է երկու բժիշկների և 4 բուժքույրերի, որոնք հերթապահել են դեկտեմբերի 20-ի գիշերը։ Նաև սպաները խուզարկել են բուժաշխատողների աշխատանքի վայրը, և բուժքույրերից մեկի պահարանում իրերի հետ միասին գտել են ներարկիչ՝ կրծքի կաթի և մորֆիի խառնուրդով։
Հետաքննության վարկածով՝ բուժքույրը իր հերթապահության ժամանակ կանխամտածված թունավորել է նորածիններին, սակայն կինը հերքում է բոլոր մեղադրանքները։
Մինչ հետաքննության ավարտը կինը, որի անունը չի ասվում, կգտնվի բանտում։ Նրան կասկածում են առողջությանը ծանր վնաս հասցնելու և հինգ մահափորձի մեջ։