«Դուրս գանք փողոց, կմտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք». Մարուքյանը խայթեց Ռուբինյանին
Advertisement 1000 x 90

«Դուրս գանք փողոց, կմտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք». Մարուքյանը խայթեց Ռուբինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում խայթեցին իրար։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները, նշեց, որ գործող իշխանությունն ունի մի մեծ «շնորհք»` անիմաստ տեղը, ինչ–որ ցածր վստահություն ունեցող որևէ մեկին դարձնելու հերոս (խոսքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին է. խմբ.):

«Երկու հայտարարություններն էլ իշխանությունը սխալ է մեկնաբանել` հօգուտ իրենց։ Ես` որպես քաղաքական մարդ, ընկալում եմ, որ այս հայտարարության հեղինակներն իշխանությանն ասում են` այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, դա մի արեք, լարվածություն է առաջացնում։ Հիմա անիմաստ հերոսացման արդյունք է, որի մասին ես նախկինում արտահայտվել եմ»,-ասաց նա:

Մարուքյանը պնդեց, որ հայտարարություններն ուղղված են իշխանությանը, որպեսզի իշխանությունն իր գործողությունները համապատասխանեցնի իրավունքի գերակայության և ժողովրդավարության չափանիշներին, այլապես այս հայտարարությունները վաղը դառնալու են զեկույց համազեկուցողների ձեռքին։

Այս հայտարարությունը դուր չեկավ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին։

«Եթե իշխանությունը տաղանդ ունենար ցածր ռեյտինգ ունեցող անձանց անիմաստ հերոս դարձնելու, դուք վաղուց հերոս կլինեիք պարոն Մարուքյան»,– ասաց նա։

«Այսինքն` ես ունեմ ցածր ռեյտի՞նգ: Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսեք ձեզ կճանաչե՞ն: Պետք է մտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք»,– պատասխանեց Մարուքյանը:

Ռուբինյանը վստահեցրեց, որ Մարուքյանը խեղաթյուրված է ներկայացնում իրավիճակը:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն երեկ Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն էր տարածել և կողմերին կոչ էր արել զսպվածություն ու փոխադարձ հարգանք ցուցաբերել:

Հունվարի 31-ին էլ հայտարարություն էին տարածել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին։

armeniasputnik.am