Անցյալ կատարյալը՝ Գոշավանք
Advertisement 1000 x 90

Անցյալ կատարյալը՝ Գոշավանք

Մեր օրերում հաճախ են եկեղեցիներ կառուցվում։ Իհարկե, դրանք  կառուցողի հավատի արգասիքն են, բայց հաճախ փառամոլությունն այնքան ակնհայտ է։ Չգիտեմ՝ իրավունք ունե՞մ դրա մասին խոսելու, բայց ուզում եմ իմ ֆիլմերով պատգամ հղել, որ մենք նախ պահպանենք եղածը՝ մեր հնադարյա  կոթողները։  Այդ անգին գանձերն ավերվում են, խոտով ու թփերով ծածկվում, քայքայվում. պետք է նախ դրանք պահպանել, գուրգուրել, հանրայնացնել։ Այդ վանքերն ու եկեղեցիները  պատահական վայրերում չեն կառուցվել, այլ սրբատեղիներում, դրա համար էլ ժամանակի ընթացքում էլ ավելի են սրբագործվել։

Սցենարիստ, պրոդյուսեր Ռիտա Շառոյանի ինչպես «Հնագույն նվագարաններ», «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարերը, այնպես էլ «Անցյալ կատարյալի» «Գոշավանքը», որը նախագծի 3-րդ  ֆիլմն է, նպատակ ունի համակողմանիորեն ներկայացնել ու հանարայնացնել մեր պատմամշակութային հնագույն  կոթողները։

«Անցյալ կատարյալ»՝ «Ախթալա»

2007 թվականին Ախթալա էի գնացել։ Մտա վանական համալիր։ Ապշեցի. որմնանկարներն իրենց շքեղությամբ ու գունեղությամբ հրաշալի պահպանված էին։ Կարծես հենց այսօր նկարված լինեին, մինչդեռ միջնադարյան էին։ Ես ինձ անզոր զգացի այդ հզորության առաջ. ուզում էի ինչ-որ կերպ երախտագիտությունս հայտնել Ախթալայի վանական համալիրը կառուցողներին, անդնդախոր ձորերից  քարն  ու շինանյութն անառիկ ժայռերի ծերպերը հասցրած շինարարներին, նաև  այն բնակիչներին, որոնք հազարավոր հավկիթներ են բերել, որ շաղախն ամուր լինի։  Անասելի դժվարությամբ կառուցված սրբավայրը մեր ժամանակներում խոտով էր ծածկված։ Ֆիլմում ինքս  ինձ համար  շատ բաներ բացահայտեցի ու դարձրի հանրության սեփականությունը։ «Ախթալային» առանձնակի հմայք հաղորդեց  Սոս Սարգսյանի ձայնը։ Նա է ֆիլմի պատմիչը։

«Անցյալ կատարյալ»՝ «Դադիվանք»

«Դադիվանք» ֆիլմն անկեղծ քաղաքականություն է ամփոփում։ Արդեն քանի տասնամյակ մենք տարբեր հարթակներից ու ամբիոններից ապացուցում ենք, որ Արցախը հայկական տարածք է։ Ես որոշեցի նույն խնդիրն արծարծել, արցախյան թեման բարձրաձայնել Դադիվանքի միջոցով։ Քարե վկան առանց խոսքի ամեն ինչ է պատմում, անգամ  տեղ չի թողնում, որ մենք ջանքեր թափենք, մարտնչենք՝ ինչ-որ մեկին բացատրելու կամ ապացուցելու, որ  Արցախը հայկական հող է։ Եթե «Դադիվանքը» հայն է դիտում, մտածում է՝  իմ ժողովուրդն ինչպիսի՜ ժառանգություն է ինձ թողել.  օտարն էլ է նույն համոզմունքն ունենում՝ Արցախը հայկական է։ Ֆիլմը թարգմանել եմ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, որպեսզի պատմական ճշմարտությունը այդ լեզուներով էլ արտահայտվի ու լսելի լինի։ Դադիվանքն Արցախի զանգն է, աղաղակող ճիչն է։

Մխիթար Գոշի հանդեպ մեծ ակնածանքից

Այս տարի լրանում է միջնադարյան գիտնական, օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշի ծննդյան 900 ամյակը։ 900 տարի Գոշը մեզ հետ է։ Նրա կառուցած տաճարը ևս մեզ հետ է։ «Գոշավանքի»  պատրաստմանն աջակցել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Մեծ տպավորություն եմ ստացել նրանից՝ գիտակ, հմուտ, սրտացավ հոգևորական է։ Խորհուրդներով օգնել է նաև վանական համալիրի քահանան՝ տեր Թադեոսը։ Մենք տարբեր թեմաներից խեսեցինք. առաջիկայում նպատակ կա Գոշավանքի շրջապատը, միջավայը վերականգնել  այնպես, որ այն 9 դար առաջվա տեսքն ստանա։ Այնտեղ մատենադարան, համալսարան, դպրանոց, գրատուն է եղել։ Միջնադարում Գոշավանքը  կրթամշակութային կենտրոն է եղել, և ցանկություն կա այդ ավանդույթներն ու նշանակությունը  վերականգնել։

Ամբողջությամբ՝ kinoashkharh. am