Հրայր Թովմասյանի համար նոր վերջնաժամկետ է սահմանվում. հարցը կորոշվի ԱԺ արտահերթ նիստով. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հրայր Թովմասյանի համար նոր վերջնաժամկետ է սահմանվում. հարցը կորոշվի ԱԺ արտահերթ նիստով. armeniasputnik.am

ԱԺ-ը փետրվարի 6-ի արտահերթ նիստում պատրաստվում է քննարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու մասին հերթական օրենքի նախագիծը։ Այս անգամ այդ նպատակին հասնելու համար «Իմ քայլը» ստիպված կլինի Սահմանադրություն խախտել։

Վաղը`փետրվարի 6-ին ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում միայն մեկ հարց է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը։

Պաշտոնապես նախագիծը կոչվում է «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ»։

Դրանով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր` հետևյալ խմբագրությամբ. «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Նույն հոդվածը նախատեսում է նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: «Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը»,– ասված է նախագծում։

Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է։ Իր նախաձեռնությունը վերջինը հիմնավորում է ՍԴ ներսում ու դրա շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմամբ։

«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում»,– ասված է հիմնավորման մեջ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am