Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից.
«Օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում:
Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։
«Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:
Հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային»,- ասվում է հաղորդագրության մեջ։