Այսօր կարելի է մեծ թվով տարօրինակ խորհուրդներ լսել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանվելու մասին:
Շրջանառվում են կորոնավիրուսի դեմ ամենատարբեր խորհուրդներ՝ «քառորդ» շիշ կանխարգելիչ օղու ամենօրյա գործածումից մինչև ինքնաշեն դիմակների օգտագործում՝ պատրաստված թուրինջի կամ նարնջի մի կեսից (իբր ցիտրուսայինների եթերային յուղերը և այլ բիոակտիվ բաղադրիչները լրացուցիչ պատնեշ են ստեղծում շնչուղիներով վիրուսի ներթափանցման համար), հայտնում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:
Իհարկե, այս բոլոր մեթոդներն անարդյունավետ են: Պարզենք, թե ինչու:
Նարնջե դիմակներ
Մարդկանցից ոմանք որպես դիմակ օգտագործում են նարնջի կեսը, որը դեմքին են հագցնում բժշկական դիմակի պես: Մինչդեռ իրականում սա միանգամայն անիմաստ է. բանն այն է, որ եթերային յուղերը, այդ թվում՝ նարնջի, կորոնավիրուսի դեմ արդյունավետ չեն: Դրանից բացի, այդպիսի դիմակները կիպ չեն կպչում դեմքին, և վարակը կարող է հեշտությամբ թափանցել չպաշտպանված տեղերից:
Մյուս ինքնաշեն դիմնակները՝ պլաստիկե շշերից և այլ իրերից, նույնպես ապացուցված արդյունավետություն չունեն, ուստի, մասնագետների խոսքով, ավելի ճիշտ է օգտագործել N95 դիմակները, ինչպես նաև ձեռքերը պարբերաբար լվանալ և զգուշություն պահպանել:
Կենցաղային իրերի ախտահանում օղիով
Օղու մեջ պարունակվում է ընդամենը մոտ 40 տոկոս սպիրտ, ուստի այն ախտահանման համար օգտագործելը, ինչ էլ լինի, բացարձակապես անիմաստ է. վիրուսների մեծ մասը, այդ թվում՝ կորոնավիրուսը, հանգիստ կվերապրեն օղիով մշակումը:
Մասնագետների խոսքով՝ ախտահանման համար հարմար են միայն այն հեղուկները, որոնց մեջ սպիրտի պարունակությունը 70 տոկոսից պակաս չէ:
Իմունամոդուլյատորների ընդունում
Իմունամոդուլյատորների արդյունավետության ոչ մի գիտական ապացույց չկա՝ ինչպես ցանկացած հիվանդության կանխարգելման, այնպես էլ բուժման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները ևս չեն ներառում իմունամոդուլյատորների ընդունում, ուստի չարժե փող ծախսել այդպիսի դեղամիջոցների վրա: