Պատգամավորներն առաջարկում են թափանցիկ դարձնել համայնքի ստացած նվիրատվության մասին տեղեկությունը
Advertisement 1000 x 90

Պատգամավորներն առաջարկում են թափանցիկ դարձնել համայնքի ստացած նվիրատվության մասին տեղեկությունը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքին կատարվող նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային: Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի և Սոնա Ղազարյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Ղազարյանը:

«Առաջարկվող նախագծով փորձում ենք ապահովել համայնքներին կատարվող նվիրատվությունների գործընթացների թափանցիկությունը: Մասնավորապես առաջարկվում է համայնքի սեփականության գոյացման աղբյուրների մասին հոդվածում ավելացնել պարբերություն, որտեղ ստիպում ենք, որ համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրաբերության մասին տեղեկատվությունը դարձնի հրապարակային քաղաքացիների համար»,-ասաց Ղազարյանը:

Պատգամավորներն առաջարկում են այդ մասին տեղեկատվությունը զետեղել համացանցային կայքում կամ այն փակցնել համատիրության պատին: Ղազարյանը հիշեցրեց, որ նախագծի գաղափարը ստեղծվել է Հանրային հեռուստատեսության եթերում քննարկման ժամանակ, երբ ինքը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բանավիճելիս են եղել Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազ»-ների հայտնի թեմայով:

Նրա կարծիքով` այս նախագիծը և «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացվելիք մեկ այլ նախագիծ կարելի է դիտարկել որպես խորհրդարանական համերաշխության նախագիծ: