ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում հերքեց տեղեկություններն այն մասին, որ արցախյան զորամասերից մեկը համարվում է էլիտար զորամաս, որտեղ իրենց ծառայությունն են անցնում պաշտոնյաների ու մեծահարուստների որդիները։
«Զինված ուժերում էլիտար զորամաս գոյություն չունի»,– ասաց նա` հիշեցնելով, որ ՊՆ–ն այդ մասին արդեն հայտարարություն արել է։
Տոնոյանի խոսքով` դրանք ընդամենը մամուլում ու սոցկայքերում տարածված լուրեր են։
Ինչ վերաբերում է զորամասում զինծառայողի մահվան դեպքին, նախարարը հիշեցրեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը կարգապահական տարբեր աստիճանի տույժերի է ենթարկել պատասխանատու սպաներին։
«Իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ նրանց պատասխանատվությունը կորոշվի նախաքննության ընթացքում, կա՛մ ձերբակալվում են, կա՛մ կալանավորվում են»,– ասաց նա։
Հիշեցնենք` auroranews.am-ը փետրվարի 3-ին «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. ուշագրավ մանրամասներ» վերնագրով հոդված էր հրապարակել ս.թ. հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների ու տվյալ զորամասի մասին։
Ըստ աղբյուրի` այս զորամասը «հարուստների երեխեքի» զորամաս է, որոնք Ղարաբաղում ծառայում են, բայց դիրքեր չեն բարձրանում։
Հոդվածում ներկայացված զինծառայող Արայիկ Սարգսյանը, ըստ հեղինակի, զորամասում զբաղվում է դրամահավաքությամբ։ Զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար նրան են տալիս իրենց ստանալիք գումարները։ Հոդվածում Վահրամ Ավագյանի մահվան պատասխանատվությունը ևս վերագրվում է Արայիկ Սարգսյանի այդ գործունեությանը։ «Աֆիցերները բան չեն անում, լրիվ «բեսպրիդել» է տիրում այդ զորամասում, վախենում են ինչ-որ բան անեն»,– հոդվածում մեջբերվում է զինծառայողներից մեկի խոսքը։
Հոդվածում ներկայացվում են նաև «էլիտար» զինվորները` Արցախի ԱԱԾ hակահետախուզության գլխավոր վարչության պետի, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդիների լուսանկարը` «դիվիզիոնի ասող» Արայիկ Սարգսյանի, Վաչե Հայրապետյանի ու Խաչիկ Գասպարյանի հետ։
Հիշեցնենք` Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը ձերբակալվել էին Վահրամ Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
Ըստ աղբյուրի՝ Խաչիկ Գասպարյանը անմիջական մեղավորություն չունի Վահրամի մահվան հետ, բայց քանի որ «թիկունք չունի», ձերբակալվածների թվում է։
Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում հրազենային վնասվածքից։ Նշենք, որ աղմուկ հանած զորամասը գտնվում է Ստեփանակերտից ոչ հեռու։