Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան. armeniasputnik.am

Հայաստանը միացել է միջազգային ակցիային և Չինաստան դիմակներ է ուղարկում։ Երկրում դեֆիցիտ է, պահեստները դատարկ են, իսկ առաքում իրականացնող ընկերություններն ամեն օր ծանրոցներ են կապում Չինաստանի տարբեր քաղաքներ ուղարկելու համար։

Դիմակնե՞ր։ Ո՛չ, չենք լսել… Հայաստանի պահեստները, որտեղ դեռ մեկ ամիս առաջ մի քանի տասնյակ տոննա դիմակներ էին պահվում, որոնք, ի դեպ, ներմուծվել էին Չինաստանից, գրեթե դատարկվել են։ Մեղավորը Չինաստանում տիրող կորոնավիրուսն է, որը թեև մեր երկիր չի հասել, սակայն մեծ աղմուկ է բարձրացրել։

Վարդագույն, երկնագույն և սև դիմակներով մարդիկ ողողել են Երևանի փողոցները։ Զանգվածային կամ «դիմակային» պսիխոզը սրվել է Չինաստանի իրադարձությունների և մեր երկրում «սովորական» գրիպի համաճարակի մասին լուրերի ֆոնին։

Sputnik  Արմենիայի անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ բնակչության մի մասն անկեղծորեն հավատում է` դիմակն օգնում է պաշտպանվել սեզոնային գրիպից և նույնիսկ այդքան վախեցնող կորոնավիրուսից, որը փոթորկել է Չինաստանը։

Դիմակներ կրողների մյուս մասն այդքան էլ չի հավատում դրանց` վարակի կանխարգելման միջոց լինելու արդյունավետությանը, սակայն կարծում է, որ արդեն իսկ վարակակիր հանդիսացող մարդիկ դրա օգնությամբ կկարողանան  սահմանափակել վարակի տարածումն ու հարազատներին զերծ կպահեն վարակվելուց։

Կարճ ասած երկրում իսկապես իրարանցում է։ Բանը հասել է նրան, որ սոցցանցերում ակտիվ շրջանառվում է դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտի մասին տեղեկությունը, իսկ ԶԼՄ–ները գրում են դրանց էական թանկացման մասին (հինգ, նույնիսկ վեց անգամ)։ Այսպես, օրինակ, հրապարակումների համաձայն, դիմակները, որոնք նախկինում հնարավոր էր ձեռք բերել 30 դրամով, այժմ արդեն 150-300 դրամ արժեն։

Sputnik Արմենիայի թղթակիցը վերլուծել է քաղաքի կենտրոնում գտնվող դեղատների գները. դիտարկված հինգ դեղատներից 3-ում դիմակներ ընդհանրապես չկան, երկուսում կան, բայց վաճառվում են մի փոքր բարձր գնով` 80 և 40 դրամով, մյուս երեք ցանցերում, որտեղ ներկա դրությամբ դիմակներ չկան, գները տատանվում են 30-50 դրամի սանդղակում։

Այսպիսով, թեև գները մի փոքր սովորականից բարձր են, այնուամենայնիվ, էական թանկացման մասին խոսք չկա։ Ավելի սուր է բժշկական դիմակների դեֆիցիտը։

Made in China–ն` China–ի համար. ո՞վ է մեղավոր, որ դիմակներ չկան

Միևնույն ժամանակ Հայաստանում մասնավոր անձինք և կազմակերպությունները շարունակում են Չինաստան դիմակներ ուղարկել` այն էլ տոննաներով։ Այս օրերին նաև միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատանքն է ավելացել։

«Արդեն տասը օրը է` ամեն օր դիմակներ ենք ուղարկում։ Ամենամեծ խմբաքանակը երեք տոննա էր, ամենափոքրը` կես կիլոգրամ»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց DHL Worldwide Express երևանյան գրասենյակի աշխատակիցը։

Իմ փոքր–ինչ միամիտ հարցին, թե քանի՞ դիմակ կա երեք տոննայում, աշխատակիցը ժպտալով ասաց` չենք հաշվել, մի ամբողջ օր չէր բավականացնի։

Առաջիկա օրերին 1 մլն 480 հազար դրամ արժողությամբ դեղորայքի, այդ թվում` դիմակների խմբաքանակը Գյումրիից Սիան կուղարկվի։

Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը` Չինաստան դիմակների առաքման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է։ Նրա` Facebook–ի էջում տեղադրած լուսանկարներում երևում է, որ այդ դիմակները ժամանակին Չինաստանից են Հայաստան բերվել։ Ճակատագրի հեգնանք։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր