Արշակ Զաքարյանի կենսագրության հայտնին և անհայտը. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արշակ Զաքարյանի կենսագրության հայտնին և անհայտը. fip.am

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այս տարվա փետրվարի սկզբին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում իր ռեստորանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀԴՄ կտրոն չտպելու հետ կապված միջադեպից հետո։

Նիկոլ Փաշինյանը Սոթք-Քարվաճառ ճանապարհին գտնվող Ari Resort ռեստորանում հաշիվը վճարելուց հետո ՀԴՄ կտրոն չէր ստացել, պահանջել էր, սակայն, աշխատողները պատճառաբանել էին, որ սարքը չի աշխատում։ Զաքարյանն էլ նշել էր, թե Արցախում, անկախ շրջանառության ծավալներից, վճարվող հարկը նույնն է, քանի որ վճարում են հաստատագրված վճար։ Ի դեպ, Fip.am-ը պարզել էր, որ Զաքարյանի այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Այս միջադեպից հետո սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ Զաքարյանը դատապարտված է եղել ԱՄՆ-ում։ «Փաստերի ստուգման հարթակը» ընթերցողներից հարցադրումներ է ստացել՝ այս լուրերը ճշտելու խնդրանքով։

Ստորև ներկայացնում ենք բաց աղբյուրներով արված ուսումնասիրության արդյունքները։

Ո՞վ է Արշակ Զաքարյանը

Արշակ Զաքարյանը ծնվել է 1968-ի օգոստոսի 8-ին Երևանում և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Զաքարյանն առնվազն երկու կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է՝ «Կինը» (2012) և «Անպետքը» (2013): 2013-ին նա «Բոյկոտ» վերնագրով հոլովակ էր նկարահանել, որը ուղղված էր Հայաստանում թուրքական ապրանքների օգտագործման դեմ և նպատակ ուներ խթանել տեղական արտադրությունը։

2016-ի մայիսից մինչ 2018-ի մայիսը Զաքարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի վարողն էր։

Զաքարյանը՝ իր անցյալի մասին

Արշակ Զաքարյանն իր կենսագրության որոշ փաստերով կիսվել էր 1in.am լրատվական կայքի հետ։ 1in.am-ը դեռ 2013-ին գրել էր, որ Զաքարյանը «վարձու սպանության կազմակերպման համար 7 տարի (1999-2006 թթ.) անցկացրել է ամերիկյան դաշնային բանտում, որից 3-ը մեկուսացված մենախցում»։

Ըստ 1in.am-ի հետ ունեցած զրույցի՝ Արշակ Զաքարյանը 1992-94 թթ. իր եղբոր հետ «բարերարների օգնությամբ Լոս Անջելեսից Հայաստան արցախյան ազատամարտիկների ընտանիքների համար օգնություն են տեղափոխել»։ Զաքարյանի պնդմամբ՝ պատերազմից հետո ինքը և ընտանիքը ՀՀՇ իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվել՝ իրեն առևանգել են, տանջել, տունն այրելու փորձ արել և նույնիսկ թունավորելու միջոցով մահափորձեր իրականացրել։ Այդպիսով ստիպված են եղել լքել Հայաստանը և մեկնել ԱՄՆ։ Զաքարյանի խոսքով՝ 1996-ին վերադարձել է Հայաստան, բայց երեք տարի հետո՝ 1999-ին, կրկին մեկնել է ԱՄՆ՝ բանտարկված եղբորը օգնելու համար։

Արշակի եղբայրը՝ Կարեն Զաքարյանը, ըստ 1in.am-ի, 1994-ին 74 տարվա ազատազրկման է դատապարտվել Կալիֆորնիայի դատարանում։ Ըստ Արշակ Զաքարյանի՝ ինքը ԱՄՆ դատախազության հետ պայմանագիր է կնքել, որով իր վրա է վերցրել մեղադրանքների մի մասը և այդպիսով ազատազրկվել յոթ տարով։ 1in.am-ին Զաքարյանը պատմել էր, որ ինքը յոթ տարի անցկացրել է բանտում, որպեսզի ունենա ընտանիք վերադառնալու հնարավորություն, իսկ եթե պայքարեր մինչև վերջ, ապա այսօր էլ բանտում կլիներ։ «Ես երբեք չեմ ժխտել, չեմ թաքցրել իմ անցյալը և չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը այն ամենի հետ, ինչ ես անում եմ»,- վերջում հավելել էր Արշակ Զաքարյանը։

Ամբողջությամբ՝ fip.am