Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է օրինագիծ ընդունել, որով կարգելվի կենդանիներին պահել կենդանաբանական այգիներում և կրկեսներում: Օրինագծի հեղինակները վստահ են, որ այն նախադեպ կլինի նաև եվրոպական երկրների համար, հետևապես հարցը արդիական կդառնա միջազգային մակարդակում:
Որպես հիմնական նախադրյալ է ծառայել այն, որ գրեթե բոլոր կրկեսները, որոնք կենդանիներին անազատության մեջ են պահում, այսպես թե այնպես խախտում են այդ կենդանիների իրավունքներն ու դաժան վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ: Ի դեպ, եվրոպական երկրների մեծ մասում կենդանիները ևս ունեն որոշակի իրավունքներ: Ինչ վերաբերում է կենդանաբանական այգիներին, ապա խորհրդարանի անդամները պատրաստվում են դրանց սեփականատերերին ընտրության հնարավորություն տալ՝ կա՛մ վերածվել կենդանիների ապաստարանների, կա՛մ փակվել ու դադարեցնել գործունեությունը:
Կրկեսային համարներում կենդանիների օգտագործումը հավետ կարգելվի: Ըստ նախնական տվյալների՝ օրինագծին հավանություն կտա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների 98%-ը: Քաղաքական գործիչները վստահ են, որ օրենքի ընդունումը վերջ կդնի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի «արխաիկ պրակտիկային»: