Մարտի 1-ին ովքե՞ր են եղել ցուցարարների շարքից կրակողները
Advertisement 1000 x 90

Մարտի 1-ին ովքե՞ր են եղել ցուցարարների շարքից կրակողները

Politik.am կայքը «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ  շրջադարձային մի քանի տեսանյութ է հրապարակել,  որոնք արդար դատաքննության պարագայում, ամբողջությամբ կարող են փոխել  այդ արյունալի իրադարձությունների  մասով դատական պրոցեսների քննության հունը: Հրապարակված տեսանյութերը նաև առաջացնում են կոնկրետ հարցեր, որոնց պատասխանները գործող իշխանությունները պարտավոր են տալ:

Այդ տեսանյութերից, մասնավորապես, պարզ է դառնում, որ դեռ մինչև Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելը  քաղաքացիների շարքերում եղել են մարտական զենքով զինված անձինք, ովքեր ընթացքում անորոշ ուղղությամբ (հիմնականում օդ) կրակահերթ են բացել:

Տեսանյութերում երևացող գործողությունները տեղի են ունեցել Մաշտոցի պողոտայում, Պարոնյան և Լեո փողոցներում: Հենց այդ տարածքում են զոհվել մարտի մեկի զոհերից երեքը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է ենթադրել, որ հենց կադրերում երևացող զինված քաղաքացիների ձեռքով կարող էին սպանված լինել վերը նշված երեք անձինք։ Ի դեպ, մարտի 1-ին իրենց բնակարաններում գտնվող Լեո փողոցի բնակիչներ ևս վիրավորվել են և չի բացառվում, որ այդ վիրավորումները կարող էին լինել օդ կրակող քաղաքացիների գործողություններից։

Նկատենք, որ լրատվամիջոցներում եղել են հրապարակումներ, որոնք ևս վկայել են զենքի առկայության հանգամանքը։ Մասնավորապես՝ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ցուցմունքում նշված է, որ նախահաձակ կողմն, ըստ էության, ընդդիմության շարքերից է եղել: Նույն ցուցմունքում խոսվում է նաև սադրիչ գործողությունների պլանավորման մասին. «․․․Այդ օրերին, իմ հիշելով փետրվարի 28-ին կամ 29-ին , ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենքզինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան: Այդ տեղեկությունը ստանալուն պես՝ ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾից ստացված տվյալների իսկությունը, եւ Արմեն Երիցյանն ինձ զեկուցել է, որ իրականում նման՝ Ազատության հրապարակում զենքզինամթերքի կուտակման ինֆորմացիա կա»,- իր ցուցմունքում նշել էր Հայկ Հարությունյանը:

Ըստ էության, հրապարակված տեսանյութերով ապացուցվում է այն, ինչ իրենց ցուցմունքներում բազմիցս պնդել են մարտի 1-ի գործում տարբեր կարգավիճակներով ներգրավված այլ պաշտոնատար անձինք. Ցուցարարներներն  այնքան էլ խաղաղ չեն եղել, ավելին՝ նրանց շարքերում եղել են զինված ոչ միայն քարերով, փայտերով և «մոլոտովյան կոկտեյլներով», այլև զենքով:

Իհարկե, քարոզչական դաշտում, այսպես կոչված, «սադրիչների» վարկածն է առաջ քաշվում, սակայն երկու կարևոր հանգամանքի մասին չի բարձրաձայնվում. Նախ՝ իշխանություն է փոխվել, ինչո՞ւ ոչինչ չի արվում այդ «սադրիչներին» բացահայտելու ուղղությամբ: Եվ երկրորդ, տեսանյութի կադրերում հստակ երևում է՝ կրակում են ցուցարարների շարքերից, եթե «սադրիչներ» են, ապա ինչու՞ են ցուցարարները շարունակում առանց որևէ անհանսգատության մնալ նրանց կողքին։

Ամփոփելով՝ փաստենք, որ տեսանյութը  ապացուցում է, որ ցուցարարների շարքերում զինված քաղաքացիներ են եղել: Կարծում ենք՝ այս տեսանյութերի հրապարակումից հետո, իշխանությունները պարտավոր են հանրությանը բացատրել, թե ովքե՞ր են նրանք և ովքե՞ր են նրանց գործողություններից տուժել։

 Արման Պետրոսյան

«Իմ ձայնը» նախագիծ