Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Տիգրան Եսայանը վստահեցրեց, որ ոստիկանության համակարգում նախատեսված բարեփոխումների հետևանքով կադրային ջարդ չի լինելու։
«Այս պրոցեսը շատ սահուն է լինելու և մաքսիմալ արվելու է ամեն ինչ, որ կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ ծառայությունում, մնան և աշխատեն նոր ստեղծվող պարեկային ծառայությունում։ Որակաջարդ հասկացություն չի լինելու։ Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, նրանք բոլորը կմնան ու կաշխատեն` անկախ իրենց ով լինելուց։ Իսկ նրանք, ովքեր ովքեր դուրս կմնան, կտեղավորվեն ոստիկանության այլ բաժիններում ու կշարունակեն իրենց աշխատանքը»,– ասաց Եսայանը։
Փոխոստիկանապետն անդրադարձավ նաև հասարակության նկատմամբ ոստիկանության ուժի կիրառման խնդրին։ Նրա խոսքով` մինչ այժմ այդ դեպքերը ավելի շատ սուբյեկտիվ բնույթ են կրել, քան պայմանավորված եղել ոստիկանության ծառայողների մասնագիտական որակներով։
«Ոստիկանության զորքերը, նոր նախագծով` ազգային գվարդիան, զբաղվելու է ոստիկանության գործառույթներով` հասարակական կարգի պահպանություն, հատուկ օբյեկտների պահպանություն, ոչ թե այն, ինչ անում են այսօր` սահմանների պաշտպանությունը»,– ասաց Եսայանը։
Հիշեցնենք` 2018թ.–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ որոշվել առաջարկել Հայաստանի ոստիկանական զորքերին՝ մեկնել ծառայության Հայաստանի սահմաններ:
Ոստիկանության զորքերի առաջին խումբը հայ– ադրբեջանական մարտական դիրքեր էր մեկնել 2019թ–ի օգոստոսի 23-ին։
Արդարադատության նախարարությունում մշակված ու հանրային քննարկման դրված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության համաձայն` նախատեսվում է Ոստիկանությանը տալ նախարարության կարգավիճակ։ Նախատեսվում են նաև կառուցվածքային փոփոխություններ` «Ոստիկանության զորքերը» կվերածվեն «ազգային գվարդիայի», կստեղծվի նոր պարեկային ծառայություն, ոստիկանությունը կստանա քրեական որոշ գործերով նախաքննություն իրականացնելու իրավունք։