Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ կիբեռհանցագործները փորձում են օգտվել կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից ու ֆիշինգային հարձակումներ են իրականացնում՝ հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից (The World Health Organization, WHO):
Այս մասին տեղեկացրին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:
«Չնայած Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա ու նման կիբեռհարձակման դեպքեր էլ չեն գրանցվել, այնուամենայնիվ, եղեք զգոն ու կորոնավիրուսի վերաբերյալ նամակներ կամ էլ. հաղորդագրություններ ստանալիս
-ստուգեք ուղարկողի հասցեն,
-մի սեղմեք հաղորդագրության մեջ տեղադրված հղումներին ու կցված ֆայլերին,
-մի տրամադրեք ձեր տվյալները (մուտքանուն, գաղտնաբառ) կասկածելի հաղորդագրությամբ դիմողներին։
Կիբեռհանցագործներն օգտվում են մարդկանց անհանգիստ վիճակից ու անձնական տվյալներ գողանում։ Եթե ձեզնից անձնական տվյալներ են պահանջում անծանոթ մարդիկ կամ անծանոթ հասցեներից, կասկածանքով մոտեցեք նման նամակներին, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ: