Վանաձոր. Թիվ 32 մանկապարտեզում ջեռուցման նոր համակարգ է տեղադրվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վանաձոր. Թիվ 32 մանկապարտեզում ջեռուցման նոր համակարգ է տեղադրվել

Թիվ 32 մանկապարտեզում տոնական տրամադրություն էր: Վանաձորի քույր քաղաք Փասադենայի հանձնախմբի անդամ Վահան Պողոսյանը և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանն այցելել էին՝ տեղում ուսումնասիրելու մանկապարտեզի միջին խմբի դասասենյակի ջեռուցման նոր համակարգի տեղադրման աշխատանքների արդյունքը: Նրանց դիմավորեցին աղուհացով:

Տարոն 4 թաղամասում գտնվող այս մանկապարտեզն ունի ջեռուցման խնդիր: Մեծ շենքի ամբողջական ջերմապահովումը մանկապարտեզի համար խնդիր է: Այդ բեռի մի մասն իր վրա վերցրեց Վանաձորի քույր քաղաք Փասադենայի հանձնախումբը: 2019 թ.-ին Վանաձոր այցի ընթացքում քննարկվել էին Վանաձորի մանկապարտեզներում առկա խնդիրներն ու դրանց լուծման առաջնահերթությունները: Ապա Փասադենա քույր քաղաքի Հայաստանի հանձնախմբի ատենապետուհի Թալին Հինդոյանին ուղարկվել էր ցանկ, որում ներկայացված էին Վանաձորի բոլոր մանակապարտեզներն՝ իրենց խնդիրներով: թիվ 32 մանկապարտեզում հանձնախմբի ջանքերով տեղադրվել է ջեռուցման համակարգ, գազի հզոր կաթսա, որը հնարավորություն կտա հետագայում այլ դասասենյակներ ևս ջեռուցել:

Նշենք, որ Փասադենա քույր քաղաքի հանձնախմբի հետ տարիների համագործակցության արդյունքում տարբեր ծրագրեր են իրականացվել: Մանկապարտեզներին նվիրվել են գրենական պիտույքներ, բարեկարգվել և ներկվել են խաղահրապարակներ, բարեկարգվել են մանկապարտեզների բակեր, տեղադրվել են ջեռուցման համակարգեր, ձեռք է բերվել գույք և այլն:

Միջոցառման ավարտին՝ հնչեցին շնորհակալության խոսքեր, մանկապարտեզի տնօրենության կողմից շնորհակալագրեր հանձնվեցին բարերարներին: