Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Advertisement 1000 x 90

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․

Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․

Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա:

SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Կարապետյանը հիվանդ էր, չնայած հույս կար, որ կապաքինվի: Վերջինս քաղցկեղ ուներ, բայց նաև մի շարք այլ խառը խնդիրներ էին ի հայտ եկել: Կարապետյանին հիվանդանոց են տեղափոխել գիշերը, այսօր կեսօրին նա մահացել է:

Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

Կենսագրությունը

Ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։

Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն էր:

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ:

Մրցանակներ

2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար,
2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան,
2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ:

shantnews.am