Կանադայի խորհրդարանում պատգամավորները Բաքվի և Սումգայիթի ջարդերը դատապարտող հայտարարություններ են հնչեցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորները նշել են, որ Կանադայի ողջ հայությունն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Բաքվում և Սումգայիթում ոճրագործության զոհ դարձած հազարավոր հայերի հիշատակին:
Կանադայի Համայնքների պալատի Ազատական կուսակցության պատգամավոր Էմանուելա Լամբրոպուլոսը նշել է, որ Բաքվի և Սումգայիթի տարելիցներն իրենց հարկադրում են խոսել այդ թեմայի մասին, քանի որ իրենք ապրում են մի երկրում, որտեղ տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները կարող են մասնակցել երկրի քաղաքականությանը:
«30 տարի առաջ տեղի ունեցան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը: 7 օրվա ընթացքում հարյուրավոր հայեր ենթարկվեցին բռնությունների, սպանվեցին, արտաքսվեցին քաղաքից: Այդ հանցագործություններով երկրում ավարտին հասցվեցին հայերի նկատմամբ սկսված էթնիկ զտումները: Մոտ 500 հազար հայ տեղահան եղավ ու ցրվեց աշխարհով մեկ, այդ թվում եկան Կանադա: Հայերի կոտորածներ էին եղել նաև Սումգայիթում, ինչը ցնցել էր ամբողջ աշխարհը»,- նշել է Լամբրոպուլոսը:
Պատգամավոր Բոբ Սարոյան Կանադայի խորհրդարանից պահանջել է շարունակել հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների կանխման հանձնառությանը:
«Ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Սումգայիթում և մայրաքաղաք Բաքվում: Այս ջարդերը Ադրբեջանում հայերի նկատմամբ քսենոֆոբիայի, ատելության և խտրականության վկայություն են, որը, ցավոք, շարունակվում է»,- ասել է պատգամավորը:
Կանադայի խորհրդարանի անդամ Ֆասյալ Էլ-Հուրին իր ելույթում Բաքվի ու Սումգայիթի ջարդերը մարդկության դեմ նողկալի հանցագործություն է անվանել:
«Լավալ Լեզ-իլ համայնքի և ողջ Կանադայի հայերը հիշատակում են Բաքվի և Սումգայիթի ցեղասպանության զոհ դարձած հայերին: Դա մարդկության դեմ հանցագործություն էր, որ շատ մարդու կյանք խլեց: Այդ ցավը դեռ թարմ է այն վերապրածների հիշողություններում: Այսօր եկեք մեկ պահ հարգանքի տուրք մատուցենք այս բարբարոսական բռնությունից ուղիղ կամ անուղղակի կերպով տուժածներին: Այս սարսափելի ողբերգությունը հիշատակելիս մենք հասկանում ենք, թե որքան հաջողակ ենք, որ ապրում ենք Կանադայի պես երկրում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները հարգվում են, և որտեղ բոլորս ունենք մարդկային նույն արժեքները` հանդուրժողականություն, հարգանք և արդարություն»,- նշել է Էլ-Հուրին:
2020 թ. լրանում է Բաքվի ջարդերի 30-րդ և Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցը:
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։