ՀԿԵ ներդրումները 2020 թվականին գերազանցելու են 4,4 մլրդ դրամը. Ալեքսեյ Մելնիկով. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ՀԿԵ ներդրումները 2020 թվականին գերազանցելու են 4,4 մլրդ դրամը. Ալեքսեյ Մելնիկով. armeniasputnik.am

2020 թ-ի փետրվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 219,4 տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցել է 26,4 հազարը` աճելով 8,4%-ով: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 30%, տեղականները՝ 7,6%: Այս մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը` ամփոփելով փետրվարյան աշխատանքի արդյունքները։

Միևնույն ժամանակ, անկում է գրանցել բեռնաշրջանառությունը (0,2% նախորդ տարվա հետ համեմատ), երկաթուղային արտահանումը (23,5%)՝ տեղական փոխադրումների 13%-նոց աճի ֆոնին:

Նշվում է, որ կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները, բեռնատար վագոնների արտադրողականությունն ու շրջանառությունը:

Տարվա կտրվածքով 24%-ով ավելացել է նաև երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով 251 հազար դրամ: Իսկ աշխատանքի արտադրողականությունն աճել է մոտ 1%-ով:

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում են գնացքների անվտանգությանն ու ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները: Մասնավորապես, սկսվել է կոճերի փոխարինման գործընթացը, կատարվում է կոնտակտային ցանցի, քարշային տրանսֆորմատորների վերանորոգումը, կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

«2020 թվականին Հարավկովկասյան երկաթուղու ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը»,- ասել է ընկերության ղեկավարը:

Որպես առաջնահերթ խնդիրներից մեկը, ըստ ՀԿԵ ղեկավարի, գնացքների անվտանգ երթևեկության համակարգի արդիականացումն է, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերում սանիտարակենցաղային պայմաների կատարելագործումը:

Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցման առնչությամբ Մելնիկովը հանձնարարել է ձևավորել հատուկ աշխատանքային շտաբ, անհրաժեշտ տեղեկատվական աշխատանք կատարել աշխատողների շրջանում, ուղևորափոխադրումները սպասարկող բոլոր աշխատակիցներին ապահովել լրացուցիչ պաշտպանության միջոցներով, մաքրող և ախտահանող միջոցներով: Նման քայլերն ուղղված են Ընկերության աշխատողների շրջանում հիվանդության կանխարգելմանը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am